Մոնիթորինգ կանցկացվի, որ առանց այդ էլ եղած «սուղ բյուջեն չմսխեն». «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար (տեսանյութ)
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր հրավիրված ասուլիսին կարևորեց ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիթորինգի անցկացումը:
«Գաղափարը ծնվել էր վաղուց, երբ մենք իրականացնում էինք հանրային գնումների մոնիթորինգը, որը մեկ բաղադրիչն էր, կային այլ բաղադրիչներ ևս, և լուրջ կարևորություն է ներկայացնում այն, թե ինչպես են կառավարվում այդ ֆինանսները: Հաջորդ կարևոր պատճառն այն է, որ ԵՄ-ը, որն իր ֆինանսական, տեխնիկական օժանդակությունն է ցույց տալիս ՀՀ-ին, ունի որոշակի նախապայմաններ տարբեր ոլորտներում. դա և՛ հակակոռուպցիոն ոլորտն է, և՛ հանրային կառավարման, և՛ հանրային ֆինանսների ոլորտը, և այդ նախապայմանները, որոնք դրված են, կարևոր էր հասկանալ, թե որքանով են դրանք իրականացվում, ձևակա՞ն են, թե՞ լուրջ»,- ասաց նա:
Ըստ Հոկտանյանի՝ նման միջոցառումները կարևոր են, որպեսզի առանց այդ էլ եղած «սուղ բյուջեն չմսխեն»:
«Կարևոր է, որ ավելորդ ծախսեր չլինեն, և եկամուտները կառավարվեն պատշաճ կերպով, ինչպես նաև կարևոր է, որ վերահսկվեն, որը պետականորեն երկու օղակով է վերահսկվում՝ Վերաքննիչ պալատի կողմից և օրենսդրական վերահսկողության միջոցով: Հիմա այս մոնիթորինգով կփորձենք հասկանալ, թե ինչպես է իրականացվում այդ վերահսկողությունը»,- ասաց նա:
Վարուժան Հոկտանյանը նշեց, որ բյուջեի մասին տեղեկատվությունը պետք է լինի մատչելի, որ հանրությունը, ՀԿ-ներն ու լրատվամիջոցները կարողանան ավելի հեշտ հասկանալ, թե ինչ է բյուջեն, ինչպես են եկամուտները գալիս բյուջե և ծախսվում:
«Կառավարման մարմինների աշխատանքը պետք է լինի թափանցիկ, որպեսզի պարզ դառնա, թե ինչու են, օրինակ, այսքան դպրոց կառուցում, ինչու պետք է լինի այսքան պոլիկլինիկա, ի վերջո, ինչ խնդիրներ են դրվելու և լուծվելու բյուջեի օգնությամբ»,- ասաց նա:










