Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

17:18 • 05.04.18

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին: Այս մասին Twitter–ի իր էջում տեղեկացնում է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ այն ուղարկելով օրենսդիր մարմին՝ Սեյմաս, համաձայն ընթացակարգի վավերացման ներկայացնելու նպատակով»,– գրել է դեսպանը։

Նշենք, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել է Էստոնիան, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Հայաստանի կողմից այն ստորագրել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ–ի կողմից՝ Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։