Ռուսաստանում վիճակախաղերի գլխավոր կազմակերպիչ Արմեն Սարգսյանը ներդրում է արել Sport24.ru կայքում. «Կոմերսանտ»

15:13 • 05.04.18

Ռուսաստանում վիճակախաղերի գլխավոր կազմակերպիչ և 888.ru բուքմեյքերական կայքի սեփականատեր Արմեն Սարգսյանը ներդրում է արել Sport24.ru կայքում, որի գլխավոր խմբագիրը Սամվել Ավագյանն է, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

«Կայքը մտնում է Արմեն Սարգսյանի «С8 Капитал» բազմապրոֆիլային հոլդինգի մեջ: Նախագիծն աշխատում է բետա տարբերակով, ապրիլին և մայիսին սպասվում են «լուրջ լրացումներ»: Մարզական լրատվամիջոցի գործարկումը կոմերցիոն նախագիծ չէ, դա հոլդինգի բաժնետիրոջ անձնական նախաձեռնությունն է՝ ուղղված հայրենական սպորտի աջակցությանը և ժողովրդականացմանը»,- ասել է Sport24.ru-ի գլխավոր խմբագիր Սամվել Ավագյանը:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, նախագիծը նպատակ ունի երկու տարուց հայտնվել մարզական կայքերի հնգյակում: Ինչպես գնահատում են շուկայի մասնակիցները, դրա համար կպահանջվի 200-300 միլիոն ռուբլի: Այժմ նոր լրատվամիջոցի ակտուալությունն աճում է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին:  Սամվել Ավագյանի խոսքով՝ մարտին կայքն ունեցել է 1 միլիոն այցելություն:

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Արմեն Սարգսյանը վիճակախաղերի շուկայում մենաշնորհ ունի: 2014 թվականից ՌԴ-ում թույլ են տրվում միայն պետական վիճակախաղերը, որոնք օրենքով կարող են կազմակերպել միայն Սպորտի և Ֆինանսների նախարարությունները: Պետական վիճակախաղերի օպերատոր ընկերություններն Արմեն Սարգսյանին պատկանող ընկերություններն են՝ «Պետական սպորտային վիճակախաղեր»-ն ու «Սպորտլոտո»-ն: