Հրապարակվել է The Cranberries-ի մենակատար Դոլորես Օ՛Ռիորդանի՝ մահից ժամեր առաջ թողած ձայնային հաղորդագրությունը
Համացանցում հայտնվել է The Cranberries իռլանդական ռոք խմբի մենակատար Դոլորես Օ՛Ռիորդանի հաղորդագրությունը, որը նա թողել է ինքնապատասխանիչին՝ մահից ժամեր առաջ: Ձայնագրությունը հրապարակել է TMZ-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Օ՛Ռիորդանը զանգահարել է իր ընկեր ու գործընկեր Դեն Ուեյթին հունվարի 15-ին: Լրագրողները նշել են, որ երգչուհին լավ տրամադրություն է ունեցել: Նա պատմել է Ուեյթին, որ պատրաստ է Bad Wolves խմբի հետ ձայնագրել Zombie երգի նոր տարբերակը՝ նշելով, որ ինքը լսել է Bad Wolves-ի քավր տարբերակը և «ուղղակի անհավանական» է անվանել այն:
Նշվում է, որ հեռախոսազանգից մի քանի ժամ անց Օ՛Ռիորդանի մարմինը հայտնաբերվել է հյուրանոցային համարում:
Երգչուհու ընկերները պատմել են, որ մահից առաջ նա մի քանի շաբաթ «սարսափելի ընկճախտ» է ունեցել:
Հիշեցնենք, որ Դոլորես Օ՛Ռիորդանը մահացել է հունվարի 15-ին՝ Լոնդոնի հյուրանոցներից մեկի համարում:










