ԱՄՆ–ում ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի թիկնապահներն ազատ են արձակվել դատարանի դահլիճից. Արամ Համբարյանը դատապարտել է դատավճիռը

23:07 • 05.04.18

ԱՄՆ Կոլումբիայի շրջանի գերագույն դատարանը հրապարակել է անցյալ տարվա մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ հայ, քուրդ և եզդի ցուցարարների դեմ հարձակում իրականացրած երկու թուրք քաղաքացու դատավճիռը:

Ինչպես հայտնում է Daily caller-ը, Էրդողանի թիկնազորի անդամներից երկուսը՝ Էյափ Յըլդըրըմը և Սինան Նարինը դատապարտվել են 12 ամսվա և մեկ օրվա ազատազրկման և երեք տարվա վերահսկվող ազատության: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել խաղաղ ցուցարարներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:

Նրանք երկուսն էլ ազատ են արձակվել դատարանի դահլիճից, քանի որ կալանքի մեջ են գտնվել անցյալ տարվա հունիսից և իրենց մեղավոր են ճանաչել դեկտեմբերին:

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դատապարտել է ամերիկյան դատարանի որոշումը՝ այն «մեղմ պատիժ» անվանելով: Վերջինս ներկա է գտնվել դատական լսմանը:

«Այս որոշումը պետք է մտահոգի յուրաքանչյուր ամերիկացու: Այսօրվա մեղմ դատավճիռներն սպառնում են սառեցնել ամերիկահայերի կամ ԱՄՆ-ում բնակվող այլ ազգությունների մարդկանց՝ օտար կառավարության գործողությունների դեմ իրենց բողոքը հայտնելու առաջնային իրավունքը», - հայտարարել է Համբարյանը: