Զարեհ Սինանյանը Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել

09:27 • 05.04.18

Ամերիկյան Գլենդեյլի քաղաքային խորհուրդը Զարեհ Սինանյանին ընտրել է քաղաքապետի պաշտոնում, հայտնում է Asbarez-ը՝ հիշեցնելով, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Վարդան Ղարպետյանը:

Աղբյուրը նկատում է, որ Սինանյանը երկրորդ անգամ է ընտրվում Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում:

Այս կապակցությամբ քաղաքական գործիչն արդեն շնորհավորանքներ է ստացել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբից (ANCA), Ջավախքի հայերի միությունից, այլ կազմակերպություններից և անհատներից:

Ընտրվելու կապակցությամբ ունեցած ելույթում նոր քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկա մեկ տարում (Գլենդեյլում քաղաքապետն ընտրվում է մեկ տարի ժամկետով) կաշխատի քաղաքի անվտանգության ամրապնդման, դրա զարգացման, արդիականացման ուղղություններով:

Աղբյուրը մանրամասնում է, որ Սինանյանը ծնվել է Խորհրդային Հայաստանում, սակայն ավելի ուշ՝ 1988թ., տեղափոխվել է ամերիկյան Բըրբենք քաղաք, որտեղ էլ բարձրագույն կրթություն է ստացել:

1997թ. Գլենդեյլի ապագա քաղաքապետը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ստացել է քաղաքական գիտությունների և պատմության բակալավրի աստիճան: