Հրապարակվել է Յուլյա Սկրիպալի և նրա զարմուհու հեռախոսազրույցի ենթադրյալ ձայնագրությունը
«Россия 1» հեռուստաալիքի «60 минут» հաղորդման եթերում հրապարակվել է 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դուստր Յուլյայի և լրտեսի եղբոր դուստր Վիկտորյա Սկրիպալի հեռախոսազրույցի ենթադրյալ ձայնագրությունը, հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
Զրույցի ժամանակ Սերգեյ Սկրիպալի դուստրն ասում է, որ «ամեն ինչ լավ է, ամեն ինչ լուծելի է, բոլորն ապաքինվում են, բոլորը լավ են»:
Պատասխանելով իր հոր վիճակի մասին հարցին՝ Յուլյան պատմել է, որ նրա մոտ ամեն ինչ նորմալ է և որ նա քնած է: Աղջիկը նաև նշել է, որ «բոլորի առողջությունը նորմալ է, ոչ ոք անուղղելի խնդիրներ չունի», ու ասել է, որ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
Ինչպես նշել են հաղորդավարները, հեռախոսազրույցի ձայնագրությունը փոխանցել է Վիկտորյա Սկրիպալը: Վերջինիս խոսքով՝ հեռախոսազրույցը կայացել է նախօրեի երեկոյան:
Ընդ որում՝ հաղորդավարներն ասել են, որ չեն կարող հաստատել հեռախոսազրույցի իսկությունը:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Կատարվածի համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Մոսկվային, Մոսկվան հերքում է մեղադրանքները։










