Vatican News-ը վերհիշել է Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, որի ընթացքում նրան են նվիրել Գրիգոր Նարեկացու արձանի փոքր օրինակը (տեսանյութ)
Vatican News-ը տեսանյութով անդրադարձել և վերհիշել է 2016 թվականի ամռանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած ճանապարհորդությունը։
Ճանապարհորդության ընթացքում Հռոմի պապը ՀՀ նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ նվեր է ստացել Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի փոքր օրինակը։
Ի դեպ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի պարտեզներում այսօր կօծի հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։
Հիշեցնենք, որ օծման արարողությունը տեղի կունենա հինգշաբթի՝ 2018թ. ապրիլի 5-ին, Իտալիայի ժամանակով ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ներկայությամբ։ Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է։
2015 թվականի ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս պապն առաքելական հռչակագրով Նարեկացուն շնորհեց Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձր տիտղոսը, ինչի մասին հայտարարվեց նույն օրը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվող հատուկ պատարագի ընթացքում։










