Դեղերը դեղատոմսով վաճառելը կատալիզատոր հանդիսացավ համակարգային մի շարք խնդիրների վերհանման համար. փոխնախարար

21:20 • 06.04.18

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, անկախ քննադատության ալիքից, շարունակում է պնդել, որ դեղերը դեղատոմսով վաճառելը ճիշտ որոշում է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե ինքը չի հասկանում այն մարդկանց, որոնք դեղերի մասին խոսելիս անում են «հասարակ հակաբորբոքային դեղ» արտահայտությունը:

«Հասարակ հակաբորբոքային դեղ չի լինում, սրա մեջ արդեն իսկ խնդիր կա: Մարդկանց առողջությանը վնաս է օգտագործել հակաբիոտիկներ՝ առանց համապատասխան նշանակման»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ մարդիկ դժգոհում են, որ շտապօգնությունը չի գալիս, ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկաները չեն աշխատում, իսկ բժշկի այցելելը թանկ է, փոխնախարարն արձագանքեց.

«Այն բոլոր գործընթացները, որ մարդն անցնում է առողջությունը լավացնելու, հիվանդությունից բուժվելու համար, դրանցից հետո է նոր դեղատոմսի խնդիրը գալիս: Դեղատոմսը վերջին փուլն է, որը Ձեր ասած խնդիրների հետ կապ չունի»:

Ինչ վերաբերում է հարցին, որ մի շարք համայնքներում բուժհաստատություններ չկան, իսկ ամբուլատորիաները կեսօրից փակվում են, Սերգեյ Խաչատրյանն ասաց, թե 2000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում բժշկական ամբուլատորիաներ կան, որտեղ մասնագետներն ազատ են և իրավունք ունեն դեղեր նշանակել՝ տալով համապատասխան դեղատոմս:

«Մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ճանապարհները մենք փնտրում ենք, մասամբ լուծում ենք և քայլ առ քայլ առաջ ենք շարժվում: Ժամը 1-ին փակվող ամբուլատորիաներ եթե կան, ահազանգ ունեք, ապա մեզ տվե՛ք տվյալները և մենք հարցը կկարգավորենք: Բայց այս խնդիրները որևէ առնչություն չունեն դեղատոմսի հետ: Այո՛, կան խնդիրներ, մենք ընդունում ենք, Դուք մեկն եք ասում, մենք մի քանիսը գիտենք, բայց դրանք դեղերը դեղատոմսով վաճառելու հետ կապ չունեն»,- շարունակեց Սերգեյ Խաչատրյանը:

Փոխնախարարի գնահատմամբ՝ դեղերը դեղատոմսով վաճառելն ի ցույց դրեց համակարգային մի շարք խնդիրներ և դարձրեց քննարկման առարկա: Սակայն նա նշեց, թե այդ խնդիրները դեղատոմսի հետ չեն առաջացել, ավելին՝ շեշտեց, որ մի շարք խնդիրներ արդեն լուծվել են, որոշների հարցում էլ դեռ լուծման ճանապարհները որոնվում են:

«Դեղատոմսը համակարգի համար կատալիզատոր հանդիսացավ, այն ի ցույց դրեց համակարգի որոշ խնդիրներ: Սակայն ինքն այդ խնդիրների հետ կապ չունի, քանի որ դեղատոմսը վերջին պահին արվող գործողություն է: Ձեր մատնանշած խնդիրները մինչ դեղատոմսի նշանակման հետ կապված գործընթացին են վերաբերում:   Իրականում դեղատոմսը բացարձակ անհրաժեշտություն է»,- եզրափակեց Սերգեյ Խաչատրյանը:

 

ՀեղինակԱնի Օհանյան