ԱՄՆ-ում Էրդողանի աջակիցների դատավճռի հրապարակումից հետո նրանց աջակիցը «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել (տեսանյութ)

12:32 • 06.04.18

ԱՄՆ Կոլումբիայի շրջանի գերագույն դատարանի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ընթացքում անկարգությունների առնչությամբ նրա անվտանգության ծառայության երկու աշխատակիցների դատավճռի հրապարակումից հետո, երբ հարձակումից տուժածները դուրս են եկել դատարանի նախասրահ, դատապարտյալների աջակիցներից մեկը թուրք ազգայնականների կողմից օգտագործվող «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել և քայլել է դեպի շարժասանդուղքը: Այդ մասին գրում է Washington Examiner-ը՝ նշելով, որ հարձակումից տուժածները դա մեկնաբանել են որպես սպառնալիք:

Թուրքական ազգայնական նշանը ցույց տված տղամարդը հայտնվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի՝ նախասրահում ձայնագրած տեսանյութում:

Հոդվածագիրը տեսանյութից լուսանկար է հրապարակել նաև Twitter-ի իր էջում՝ նշելով, որ դատավճռի հրապարակումից րոպեներ անց մի տղամարդ այդ նշանն է ցույց տվել հարձակումից տուժածներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոլումբիայի շրջանի գերագույն դատարանը 12 ամսվա ազատազրկման և 3 տարվա վերահսկվող ազատության է դատապարտել անցյալ տարվա մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ հայ, քուրդ և եզդի ցուցարարների դեմ հարձակում իրականացրած ազգությամբ թուրք ԱՄՆ 2 քաղաքացիների:

Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել խաղաղ ցուցարարներին մարմնական վնասվածքներ հասցնելու համար:

Նրանք երկուսն էլ ազատ են արձակվել դատարանի դահլիճից, քանի որ կալանքի մեջ են գտնվել անցյալ տարվա հունիսից և իրենց մեղավոր են ճանաչել դեկտեմբերին:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դատապարտել է ամերիկյան դատարանի որոշումը՝ այն «մեղմ պատիժ» անվանելով:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:

Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ: