Գերմանիայի Ռեյխն Օսմանյան կայսրությանը զենք է տրամադրել Հայոց ցեղասպանության իրականացման համար. զեկույց

13:21 • 06.04.18

Գերմանիայի Ռեյխն Օսմանյան կայսրությանը զենքեր է տրամադրել Հայոց ցեղասպանության իրականացման համար: Այդ մասին գրում է գերմանական Deutsche Welle-ն՝ վկայակոչելով նոր զեկույցը: Զեկույցի հեղինակների համաձայն՝ պրուսական սպաները նաև դրել են կոտորածի «գաղափարական հիմքերը»:


Զեկույցը 100 կազմակերպությունից բաղկացած նոր բազմալեզու միջազգային ցանցի՝ Global Net – Stop the Arms Trade-ի հետազոտած առաջին «գործն է»: 

Ինչպես բացահայտում է նոր զեկույցը, թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության իրականացման համար հիմնականում օգտագործել են գերմանական հրացաններ և այլ զինատեսակներ: Գերմանական Mauser ընկերությունն Օսմանյան Թուրքիային միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ է տրամադրել, որոնք օգտագործվել են Ցեղասպանության ժամանակ՝ գերմանացի սպաների ակտիվ աջակցությամբ:

Համաձայն զենքի առևտրի դադարեցման օգտին հանդես եկող Global Net – Stop the Arms Trade կազմակերպության զեկույցի՝ գերմանացի սպաները, որոնք ծառայել են թուրք-օսմանյան զինվորական անձնակազմում, ակտիվորեն օգնել են իրականացնել սպանությունները:

«Հարձակվողների մեծ մասը զինված է եղել Mauser հրացաններով կամ կարաբիններով, սպաները՝ Mauser ատրճանակներով»,- ասված է զեկույցում: Շատ գերմանացի սպաներ կոտորածների ականատես են եղել և գրել են դրանց մասին իրենց ընտանիքներին ուղղված նամակներում:

Բացի հրացաններից և ատրճանակներից՝ թուրքական բանակը նաև զինված է եղել Krupp ընկերության արտադրած հարյուրավոր հրանոթներով, որոնք օգտագործվել են Մուսալեռում հայերի զինված դիմադրությունը ճնշելու ժամանակ:

Լրատվամիջոցը գրում է, որ 2015 թվականին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ընդունել է Հայոց ցեղասպանության համար Գերմանիայի կիսած պատասխանատվությունը, իսկ նույն տարում լրագրող Յուրգեն Գոտշլիխի հրապարակած գիրքը մանրամասնել է Օսմանյան կայսրության համար Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի տրամադրած ռազմական խորհուրդների և պատրաստության մանրամասները: GN-STAT-ի նոր զեկույցը, սակայն, առաջինն է, որ մանրամասներ է բացահայտում Mauser-ի և Krupp-ի տրամադրած նյութական աջակցության ծավալների մասին:

Ինչպես նշում է զեկույցի հեղինակ՝ Գերմանիայի կողմից զենքի արտահանման մասին ֆիլմերի հեղինակ Վոլֆգանգ Լանդգրեբերը, Mauser-ը, որն Օսմանյան կայսրությունում ատրճանակների մենաշնորհ ուներ, այժմ չի գործում որպես ընկերություն, բայց Krupp-ի իրավահաջորդը՝ գերմանական ThyssenKrupp պողպատ արտադրող հսկան, երբեք հրապարակային չի խոստովանել Ցեղասպանությունում իր ունեցած դերը:

Մինչ գերմանական ընկերությունները տրամադրել են զենքերը, իսկ գերմանացի զինվորները՝ դրանք օգտագործելու փորձագիտական օգնությունը, գերմանացի սպաները, Լանդգրեբերի խոսքով, դրել են ցեղասպանության «գաղափարական հիմքերը»:

Զեկույցն անդրադառնում է գեներալ Կոլմար Ֆոն դեր Գոլցին, որն առանցքային ռազմական խորհրդական էր դարձել Օսմանյան կայսրությունում և գերմանական զենքի արդյունաբերության լոբբիստներից էր: Նա կարևոր դերակատարություն է ունեցել Սուլթանին «Հայկական հարցը վերջնականապես լուծելու» հարցում համոզելու համար:

Լանդգրեբերը նրան է համարում նաև հետագայում նացիստական գաղափարախոսության աղբյուրը, նրա խոսքով՝ Ադոլֆ Հիտլերը հետագայում վերցրել է թշնամուն ոչ միայն պարզապես հաղթելու և հանձնվել ստիպելու, այլև ամբողջապես ոչնչացնելու վերաբերյալ նրա գրքում ներկայացված դիրքորոշումները:

Լանդգրեբերն ընդգծել է, որ նոր հետազոտությունը չի ազատում Օսմանյան կայսրությանն իր մեղքից, այլ պարզապես լրացնում է պատմության բաց մնացող կետերը:

«Ամբողջական պատկերը պետք է ավելի լիարժեք լինի»,- ասել է նա: