Մոսկվայում մահացել է հայկական արմատներով մանկագիր Իրինա Տոկմակովան
Մոսկվայում ապրիլի 5-ին 89 տարեկանում կյանքից հեռացել է մանկագիր, բանաստեղծ և թարգմանիչ Իրինա Տոկմակովան: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով նրա թոռնուհի Լիդիա Տոկմակովային:
«Այո, տատիկը մահացել է այսօր ցերեկը», - ասել է նա:
Մանկական գրաքննադատ Քսենիա Մոլդավսկայայի խոսքով՝ Տոկմակովան դասական էր, և նրա ստեղծագործություններին ծանոթ են «բոլոր նրանք, ովքեր վերջին 50 տարվա ընթացքում սովորել են առաջին դասարանում»:
Նշվում է, որ Տոկմակովայի բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Времена года») լույս է տեսել 1962 թվականին:
Իրինա Տոկմակովայի հայրը հայ ինժեներ-էլեկտրատեխնիկ Պյոտր Կարպի Մանուկովն էր (Պերճ Կարապետի Մանուկյան), իսկ մայրը՝ Լիդիա Ալեքսանդրովնա Դիլիգենսկայան:










