Արմեն Ջիգարխանյանի ու նրա նախկին կնոջ հարաբերություններում վերջակետ է դրված. Արթուր Սողոմոնյան

09:48 • 06.04.18

Ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանը, որը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկերն է, РУСАРМИНФО-ի հետ զրույցում պատմել է, որ 82-ամյա դերասանն իր նախկին կնոջ հետ աղմկահարույց ամուսնալուծությունից հետո շարունակում է ապրել իր կյանքով, ակտիվորեն զբաղվում է թատերական գործունեությամբ, ավելին՝ շատերը հույս ունեն, որ Արմեն Ջիգարխանյանը մյուս տարի կկարողանա բեմ վերադառնալ: 

«Արմեն Բորիսովիչն ապրում է իր կյանքով, ակտիվորեն զբաղվում է թատրոնով ու վերջին ամիսներին հասցրել է պատրաստել մի քանի նոր ներկայացում: Հանդիսատեսը վերադառնում է թատրոն, բազմաթիվ ներկայացումներ անցնում են լեփ-լեցուն դահլիճում: Ես մեծ հույս ունեմ, որ մյուս տարի մենք բեմում կտեսնենք նաև Արմեն Բորիսովիչին, նա ունի շատ լավ գաղափարներ»,- պատմել է Սողոմոնյանը:

Նա ընդգծել է, որ Արմեն Ջիգարխանյանի ու նրա նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության շուրջ ռուսաստանյան հեռուստաալիքներով բարձրացած աղմուկը որևէ կապ չունի նրա իրական կյանքի հետ:

«Ինչ վերաբերում է անձնական, մարդկային հարաբերություններին՝ վերջակետը դրվել է դեռևս փետրվարին, և այս ամբողջ անհարկի աղմուկը բնավ հաճելի չէ Արմեն Բորիսովիչին, այդ իսկ պատճառով խնդրում եմ բոլորին վերջ տալ այս պատմությանը»,- ասել է հայ գործարարը:

Նա նշել է, որ Ցիմբալյուկի դեմ քրեական գործընթացում դեռ կան չլուծված հարցեր, և գործը դեռ ավարտված չէ:


Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, իսկ դեկտեմբերի սկզբին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ տարեց ամուսնու անձնական կյանքին վերաբերող նյութերն առանց նրա համաձայնության լրատվամիջոցներում տարածելու համար:


Նշվում է, որ կնոջն ազատ են արձակել չմեկնելու մասին ստորագրության դիմաց: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը նշել է, որ մեղադրանքները հորինված են և որ ինքը գործում դատական հեռանկար չի տեսնում:


Թեև Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ամուսնալուծության մասին որոշումը՝ դատարանը որոշել է այն անփոփոխ թողնել:

Արմեն Ջիգարխանյանի ու նրա նախկին կնոջ հարաբերություններում վերջակետ է դրված. Արթուր Սողոմոնյան