Մոսկվայում ղազախստանցի կինը 20 000 դոլարով փորձել է վաճառել իր մեկամյա որդուն

18:22 • 06.04.18

Ղազախստանի 33-ամյա բնակչուհին փորձել է վաճառել իր մեկամյա երեխային 20 000 ԱՄՆ դոլարի դիմաց, սակայն հայտնաբերվել ու ձերբակալվել է Մոսկվայում:

Ինչպես փոխանցում է life.ru-ն, Ալմաթիում բնակվող կինը որոշ ժամանակ առաջ համացանցի միջոցով հայտարարություն է տեղադրել, որում նշել է, որ ծնողներ է փնտրում իր փոքրիկ երեխայի համար՝ դրա դիմաց պահանջելով համապատասխան գումարը:

Ավելի ուշ կինը երեխայի հետ ժամանել է Մոսկվա՝ գործարքն իրականացնելու: Նրան դիմավորել են իրավապահներ՝ քաղաքացիական հագուստով: Վերջիններս ուղեկցել են նրան մի բնակարան, որտեղ էլ ստորագրվել են նախապես պատրաստված կեղծ փաստաթղթերը:

Գործարքն ավարտին հասցնելու համար իրավապահները նրա հետ բանկ են գնացել, որտեղ էլ իբր պետք է փոխանցվեր խոստացված գումարը: Հենց բանկում էլ կինը ձերբակալվել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել մարդկանց անօրինական առք ու վաճառքով զբաղվելու համար: