Մոլդովական հեռուստաալիքին տուգանել են 4.200 դոլարով՝ Պուտինի ուղերձը հեռարձակելու համար
Մոլդովական Prime հեռուստաալիքը տուգանվել է 4.200 դոլարով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված ուղերձի հեռարձակման համար:
Ինչպես նշում է ria.ru-ն, Մոլդովայի իշխանությունները դա գնահատել են որպես «Օտարերկրյա քարոզչության դեմ պայքարի մասին» օրենքի խախտում:
Մոլդովայի հեռուստառադիոհեռարձակման համակարգող խորհուրդը գտնում է, որ հեռուստաալիքը Հեռուստատեսության և ռադիոյի օրենսգրքի կոպիտ խախտում է թույլ տվել, քանի որ Պուտինի ուղերձում գերիշխում էին մյուս երկրների նկատմամբ Ռուսաստանի գերակա դիրք ունենալու գաղափարները:
Հայտնի է, որ 2017թ. վերջին Մոլդովայի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա քարոզչության դեմ պայքարի մասին» օրենքը, որն արգելում է Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիան չվավերացրած երկրներում նկարահանված ռազմական ու քաղաքական հաղորդումների հեռարձակումը:










