Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը բարելավվում է. Սոլսբերիի հիվանդանոցի ներկայացուցիչ

17:44 • 06.04.18

Ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակն արագ բարելավվում է: Այս մասին հայտնել է անգլիական Սոլսբերիի հիվանդանոցի բժիշկ Կրիստին Բլանշարդը, տեղեկացնում է «РИА Новости»-ն:

«Նա լավ է արձագանքում բուժմանը, նրա առողջական վիճակն արագ բարելավվում է, ու նա այլևս ծանր վիճակում չէ», - նշել է Բլանշարդը:

Հիվանդանոցի ներկայացուցչի խոսքով՝ ինքը դեռ չի կարող այլ մանրամասներ հաղորդել:


Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։


Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:


Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը հաղորդել է Յուլյա Սկրիպալի վիճակի բարելավման մասին: