«Որոշել են շանտաժով փաստաբան գցել». Ալեքսանդր Սիրունյանը՝ իր ու Կարեն Կիրակոսյանի կողմից գրավի գումարը յուրացնելու հաղորդման մասին
Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ ՀՀ ոստիկանությունում քաղաքացու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել:
«Քաղաքացին հաղորդել է, որ փաստաբանները յուրացրել են գրավով ազատ արձակելու գումարը: Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և կատարվում է նախաքննություն»- ասաց Տռուզյանը, հավելելով, որ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
Հարուցված քրեական գործի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ տեղի ունեցածը նոր թեմա չէ և արդեն չորս ամիս է` քննարկվում է:
Փաստաբանը հայտնեց, որ իրենց հաճախորդին գրավի դիմաց դատարանն ազատ է արձակել, իսկ այնուհետև կալանավորել են, և գրավի գումարն իրենց մոտ է:
«Դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց մեր պաշտպանյալին, ուրբաթ գիշերով փոխանակ գնանք մեր տներ՝ հանգստի, գնում ենք օդանավակայան, աշխատող բանկ ենք գտնում, գրավը վճարում ենք, գիշերը գաղութի պետին ենք արթնացնում, թե ինչու մարդը երկու օր ավել նստի, մինչև աշխատանքային օր լինի, և ազատում ենք: Երկու ամիս անց դատարանը գրավը վերացնում է, և նորից կալանավորում: Դատարանը փողը վերադարձնում է, որը հենց հիմա էլ մեր գրասենյակում է: Գալիս է կալանավորի տիկինը և ասում՝ փողը տվեք»,-ասաց Սիրունյանը:
Փաստաբանի խոսքով՝ կնոջն ասել է, որ նախ, գումարը ինքը չի տվել, հետևաբար իրեն չեն կարող վերադարձնել, բացի այդ, իրենց պայմանագրով գումար են պարտք փաստաբանական գրասենյակին:
«Այդ տիկնոջն ասացի՝ գումարը տվել է մեր հաճախորդի եղբայրը, ով միլպետ է աշխատում: Դա մեկ, իսկ երկրորդը՝ բա որ 1 մլն դրամից ավել մեր գրասենյակին պայմանագրով փող եք պարտք, որովհետև Ձեր հարազատի շահերն ենք պաշտպանում, այդ փողը ե՞րբ եք տալու: Ասում է ՝ կլինի 2 մլն հետ տաք, մեզ դատի տաք, որ մեզ փող եք պարտք, ասացի՝ ես գժի նմա՞ն եմ: Քաղաքացիական օրենսգիրքն էլ ասում է՝ անձն իրավունք ունի պահել ուրիշի գույքն իր մոտ` ի ապահովումն նրա պարտականությունների կատարման: Քանի որ իրենք ոստիկանական ընտանիք են, նաև միլպետ է իր արևին, որոշել են մլիցեսկի շանտաժով փաստաբան գցեն: Չեն կարող, իրենց մլիցեսկի շանտաժով մեր երեխաների փողը չեն կարա տանեն»,-եզրափակեց Սիրունյանը:










