Տղիբուլի հանքավայրում տեղի ունեցած ողբերգությունը Վրաստանում բողոքի ալիք է բարձրացրել. НГ

11:13 • 06.04.18

Հինգշաբթի լուսադեմին Վրաստանի արևմուտքում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել. Տղիբուլ քաղաքում գտնվող հանքավայրում փլուզման հետևանքով զոհվել է 6 հանքափոր, մի քանի մարդ ստացել է վնասվածքներ, գրում է «Независимая Газета»-ն: Հասարակությունը, ոչ կառավարական կազմակերպությունները պահանջել են երկրի խորհրդարանից աշխատավայրերում անվտանգության վերաբերյալ շուտափույթ փոփոխություններ ընդունել Աշխատանքային օրենսգրքում:

Օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկման է դրվել մոտ մեկ տարի առաջ, բայց այդպես էլ տեղից չի շարժվել:

Մոտ մեկ շաբաթ առաջ՝ մարտի վերջին, փլուզում էր տեղի ունեցել նաև Ճիաթուրայի հանքավայրում, որի հետևանքով 45-ամյա մարդ էր զոհվել: Այդ ժամանակ մի շարք կազմակերպություններ պահանջել են խորհրդարանից շուտափույթ քննարկել և ընդունել օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը մշակել է կառավարությունն անցած տարվա մայիսին՝ նույն Տղիբուլում վերելակի պոկվելու հետևանքով հանքափորների զոհվելու պատճառով:

Վրաստանի օմբուդսմենի տվյալներով՝ վերջին 5 տարվա ընթացքում Վրաստանում աշխատանքային անվտանգության նորմերի խախտման հետևանքով զոհվել է 270 մարդ, իսկ ավելի քան հազար աշխատող վնասվածքներ է ստացել:

Օրենքի նախագծի ջերմ աջակիցներն անգամ վատատեսորեն են տրամադրված և մեծ հույսեր չեն կապում նրա հետ, որ նոր օրենքը կարող է զգալիորեն փոխել իրավիճակը: Վրաստանում հիմնական խնդիրներից մեկը գործազրկությունն է, և դրանից օգտվում են գործատուները՝ թելադրելով իրենց կանոնները: Փորձագետները ստեղծված իրավիճակից միակ ելքը տեսնում են տնտեսության որակական զարգացման մեջ: