Ավելի քան 1,25 միլիարդ դոլար. Forbes-ը գնահատել է ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանաբնակ գործարարների կորուստները
Ապրիլի 6-ին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից 7 ռուսաստանաբնակ միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարությունից հետո նրանց ընդհանուր կարողությունը նվազել է ավելի քան 1,25 միլիարդ դոլարով: Այդ մասին են վկայում հեղինակավոր Forbes հանդեսի տվյալները, գրում է rbc.ru-ն:
Վերլուծաբանների հաշվարկներով՝ ամենաշատը կորուստ է կրել Օլեգ Դերիպասկան, որի կարողությունը նվազել է 960 միլիոն դոլարով, կամ ավելի քան 15 տոկոսով: Դերիպասկային պատկանող ընկերությունների բաժնետոմսերի արժեքն ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունից հետո 10-20 տոկոսի անկում է գրանցել:
Forbes-ի գնահատականով՝ Սուլեյման Քերիմովը կորցրել է 265 միլիոն դոլար, Վիկտոր Վեքսելբերգը՝ 57 միլիոն դոլար, Վլադիմիր Բոգդանովը՝ 6 միլիոն դոլար:
Պատժամիջոցների ցանկում հայտնված երկու գործարարի՝ Կիրիլ Շամալովի և Իգոր Ռոտենբերգի կարողությունների վրա պատժամիջոցների ցանկում հայտնվելը որևէ կերպ չի անդրադարձել, մինչդեռ Անդրեյ Սկոչի կարողությունն անգամ աճել է, թեկուզ ոչ զգալիորեն (0,2 տոկոսով, կամ 8 միլիոն դոլարով):
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել 38 ռուսաստանաբնակ գործարարի, պաշտոնատար անձի ու 15 ռուսական ընկերության նկատմամբ: Ցանկում, նշված գործարարներից բացի, ներառվել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։
Պատժամիջոցների ցանկում ներառումը ենթադրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Միացյալ Նահանգների տարածքում գտնվող ակտիվների սառեցում, անշարժ գույքի, բանկային հաշիվների կալանք, ինչպես նաև ԱՄՆ մուտք գործելու արգելք:










