Ջրամբարներում լցվածությունը կազմում է 52 %, Սևանից բաց կթողնվի 170 միլիոն խորանարդ մետր ջուր, ավելիի մասին հստակություն չկա. Արսեն Հարությունյան
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների համար կազմակերպված սեմինարին հայտնեց, որ այս տարի ջրամբարների 52 տոկոսն է լցված:
«Ներկա պահի դրությամբ մենք ջրամբարներում ունենք շուրջ 460 միլիոն խորանարդ մետր ջուր, վերջին տասն օրվա ընթացքում օրական միջինում հինգ միլիոն խմ աճ ենք ունենում. այս պահին նախորդ տարվա համեմատությամբ տարբերությունը մոտ 27 միլիոն խորանարդ մետր է՝ երեք տոկոս: Այս պահին բոլոր ջրամբարների միասին լցվածությունը կազմում է 52 տոկոս»,-ասաց նա
Նա նշեց, որ երազանքի իրականացում կլիներ, որ ջրամբարներում ջրի լցվածությունը հարյուր միլիարդ խորանարդ մետր ավելի լիներ: «Ջրառատ է եղել 2016 թվականը, երբ ջրամբարների լցվածությունը 65 տոկոս է կազմել»,-ասաց նա:
Արսեն Հարությունյանը հայտնեց նաև, որ այս պահին Սևանա լճի մակարդակը տասը սմ-ով բարձրացել է: «Այս պահին Սևանի մակարդակը կազմում է 1900 մետր 55 սմ»,-ասաց նա:
Նա նշեց, որ շարունակվում է Արփա-Սևան թունելի կառուցումը, և ավարտից հետո բաց կթողնեն 200-250 միլիոն խորանարդ մետր ջուր, այս պահ դրությամբ թունելի միջոցով 100-120 խորանարդ մետ ջուր է բացթողնվում տարեկան: «Այս քսան օրվա ընթացքում արդեն իսկ բաց է թողնվել 26 միլիոն խորանարդ մետր ջուր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կա հստակեցում, թե Սևանա լճից որքան ջուր է բաց թողնվելու, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ասաց, որ այդ առումով պատրաստում են կառավարության որոշման նախագիծը: «Այս տարի Սևանից բաց կթողնվի 170 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչպես ամեն տարի, իսկ ավելիի վերաբերյալ հստակություն չկա»,-ասաց նա:










