Մրցույթներ, ցուցահանդես, երգ ու պար. «Աբովյան» ՔԿՀ–ում շնորհավորեցին դատապարտյալ կանանց տոնը (տեսանյութ)

17:22 • 07.04.18

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների համար կազմակերպվել էր տոնական միջոցառում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։

Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը ներկաներին փոխանցեց Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանի` օրվա խորհրդի առթիվ շնորհավորական խոսքը` մաղթելով նրանց խաղաղություն, սեր, բարօրություն, ինչպես նաև երկար սպասված ազատություն և վերադարձ հարազատ օջախներ:

Բացման խոսքից հետո ներկաները շրջեցին կին դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսում: Այնուհետև խոհարարները հանդես եկան իրենց խոհարարական հմտություններով: Միջոցառումն ընդմիջվեց վարսահարդարների միջև անցկացվող մրցույթով, տեղի ունեցավ նաև մրցույթ-վիկտորինա: Լավագույնները պարգևատրվեցին մրցանակներով:

Գարնանային գեղեցիկ տոնի առթիվ կանայք հյուրընկալել էին Աբովյան քաղաքի «Կոտայք» մանկապատանեկան համույթի սաներին, ովքեր շարունակեցին բարձր տրամադրությունն ապահովել իրենց պարային կատարումներով: Փոքրիկներին հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը կանանց կողմից նվիրեց նրանց ձեռքով պատրաստված հուշանվերներ:

Միջոցառման վերջում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ծաղիկներ նվիրեց կին կալանավորված անձանց և դատապարտյալներին: