Լոնդոնը «Սկրիպալի գործի» հետ կապված թաքցնելու բան ունի. Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատուն
Ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման շուրջ ստեղծված իրավիճակում Մեծ Բրիտանիայի իշխանությունների պահվածքը, որոնք թաքցնում են տուժածներին արտաքին աշխարհից, հրաժարվում են համագործակցել և պատասխանել հարցերին, վկայում է այն մասին, որ նրանք թաքցնելու բան ունեն: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը:
Ուրբաթ ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել Վիկտորյա Սկրիպալին, որը պատրաստվում էր այցելել իր ոչ հարազատ քրոջը՝ Յուլյային:
«Այդ որոշման հետևանքով մենք տեսնում ենք իրավիճակ, որում Սերգեյ և Յուլյա Սկրիպալները, որոնք, հաղորդագրությունների համաձայն, կազդուրվում են, թաքցվում են հանրությունից, լրագրողներից և դեսպանատան աշխատակիցներից, իսկ միակ բարեկամին, որը կարող էր նրանց տեսնելու հույս ունենալ, չի թույլատրվում երկիր մուտք գործել: Համագործակցելուց, թափանցիկությունն ապահովելուց և բազմաթիվ հարցերին պատասխանելուց հրաժարվելը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան թաքցնելու բան ունի»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի առողջական վիճակը բարելավվում է:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտեսը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:










