Բաքվի ու Երևանի միջև ԼՂ կոնֆլիկտի շուրջ բանակցությունները սպառված են, ժամանակն է, որ բանակցություններին վերադառնա Ղարաբաղը. Ստանիսլավ Տարասով

20:13 • 07.04.18

Հայերը ուզում են խաղաղ ապրել, նրանք ուզում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նա նշեց, որ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը ուզում են ներգրավվել բոլոր դրական գործընթացներում, որոնք կան տարածաշրջանում և աշխարհում:

«Հակամարտության կարգավորման համար պետք է հասկանալ, թե կողմերից որ մեկն է կոնստրուկտիվ այս իրավիճակից ելքեր փնտրելու հարցում: Ադրբեջանը չի կատարում բոլոր պայմանավորվածությունները, դադարում է լինել ընդունակ բանակցելուն, Ադրբեջանը մերժում է 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները, Ադրբեջանը հրապարակայնորեն կեղծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները»,- մանրամասնեց Ստանիսլավ Տարասովը:

Ըստ քաղաքագետի՝ Իլհամ Ալիևը նախընտրական փուլում է, առաջիկայում սպասվում են նախագահի ընտրություններ, ուստի նրա բոլոր հայտարարությունները ներքին լսարանին են միտված:

«Հայաստանը հաղթող կողմ է, Հայաստանը փորձում է պահել ներկայիս իրավիճակը: Որքան երկար տևի այս դրությունը այնքան լավ Ստեփանակերտի, Երևանի համար, որովհետև ամրանում է դրությունը, պետությունը ամրանում է: Ադրբեջանը պետք է Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելու քայլեր ձեռնարկի, ոչ թե սպասի, որ ինչ ուզում է սկուտեղի վրա իրեն մատուցեն: Թող չկարծի, որ Մոսկվան, Ֆրանսիան, Վաշինգտոնը բերելու են պատրաստի որոշումներ: Ալիևը պետք է Ղարաբաղի հետ ուղիղ բանակցություններ վարի, երկխոսի, փնտրի տարբերակներ քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվի»,- ասաց Տարասովը:

Վերջինս շեշտեց, որ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու ժամանակն է: «Ղարաբաղը պետք է բանակցությունների մաս դառնա, Ղարաբաղը հակամարտության կողմ էր, բայց մշուշոտ մի պատմության արդյունքում այն դուրս մնաց: Բաքվի ու Երևանի միջև բանակցությունները սպառված են, չկա բանակցելու ռեսուրս, բոլոր տարբերակները սպառվել են, բանակցությունների սեղանին նետված առաջարկները մերժվել են, որևէ մեկը չի գնում փոխզիջման: Դրա համար պետք է Ղարաբաղի մասնակցությունը»,- ասաց նա:

Ստանիսլավ Տարասովը միաժամանակ ասաց, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հետ բանակցել, ինչի մասին վկայում են Ալիևի հնչեցրած հայտարարությունները, դրանց երանգը, հռետորաբանությունը:

«Վերջերս Ալիևն ասում էր, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հողերի վրա: Այդ ի՞նչ պատմական հողեր են, այդ ի՞նչ են խոսում: Նրան պետք է հիշեցնել պատմությունը: Վաղ թե ուշ կգա այն օրը, երբ Ադրբեջանում կհասկանան, որ հայերի հետ երկխոսել է պետք, որ հայերը պետք է անվտանգության երաշխիքներ ունենան երկխոսելու համար: Բայց քանի որ Ալիևը պատրաստ չէ ապահովել նման երաշխիքներ, որովհետև չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, երկխոսության մեկնարկը հեռանկարներում է մնում»,- ասաց նա: