ՔՊ անդամներն ապրիլի 7-ի գիշերը բերման են ենթարկվել վարչական գույքը վնասելու հիմքով. Էդգար Ջանոյան

13:07 • 08.04.18

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Մեսրոպ Պապիկյանին ու Նորայր Հայրապետյանին ապրիլի 7-ի գիշերը բերման են ենթարկել,այնուհետև ազատ են արձակվել։

Տեղի ունեցածը պարզաբանելով՝ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի,լրատվության և վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց. «Ապրիլի 7-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, երկու քաղաքացի բերվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ Վարչական օրենսգրքի  53-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով։ Ոստիկանության բաժնում կազմվել է համապատասխան վարչական արձանագրություն, և նրանք բաց են թողնվել»։

Նշենք, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ վարչական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մանր չափերի վնաս է պատճառել։ Առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

Նշենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ հայտնել էր կուսակցության անդամների՝ բերման ենթարկվելու վերաբերյալ:

Նա տեղեկացրել էր, որ կուսակցության անդամները բերման են ենթարկվել հանրահավաքի իրազեկման համար և նախատեսվում է նրանց վարչական պատասխանատվության են ենթարկվել։