Ռուսաստանը հերքում է Սիրիայում կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման տեղեկությունները
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության՝ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն հերքել է այն տեղեկությունը, ըստ որի՝ Սիրիայի Դումա քաղաքում կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել բնակչության դեմ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Ռուս զինվորականը հայտնել է, որ ՌԴ-ը վճռականորեն հերքում է այս տեղեկությունն ու պատրաստակամություն է հայտնում Դումա քաղաքի ազատագրումից հետո համապատասխան փորձագետների խումբ ուղարկել այնտեղ՝ վերոնշյալ պնդումների խեղաթյուրված լինելն ապացուցող հատուկ ուսումնասիրության:
Եվտուշենկոն նաև նշել է, որ ներկա փուլում իրականացվում է Դումայից «Ջեյշ ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դուրս բերման հատուկ գործողությունը: Նրա պնդմամբ՝ Արևմուտքը ցանկացած կերպով ջանում է խոչընդոտել այս գործողությանը՝ օգտագործելով քիմիական զենքի կիրառման մասին կեղծ տեղեկություններ:
Հիշեցնենք, որ Սիրիայում աշխատող բժիշկներն ու փրկարարները հայտնել են, որ Արևելյան Ղուտայում ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքում՝ Դումայում, հնարավոր քիմիական հարձակման զոհ է դարձել նվազագույնը 70 մարդ: Սիրիայի իշխանությունները քիմիական հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը կեղծված են համարում:
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտից հայտարարել են, որ համակ ուշադրությամբ հետևում են քիմիական հարձակման մասին լուրերին, և եթե դրանք հաստատվեն, ապա Սիրիայի իշխանություններին աջակցող Ռուսաստանը պետք է նրանք հետ միասին կատարվածի համար պատասխանատվություն կրի:










