Կազանի փաստաթղթում շարադրվածի մեծ մասը նախկինի պես պահանջված է. Ս. Լավրովն ասել է, որ ԼՂ հարցի լուծման շուրջ «բավականին շատ իրատեսական գաղափարներ» կան

23:32 • 08.04.18

Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար ղարաբաղյան հակամարտության կողմերին անհրաժեշտ է հրաժարվել միմյանց նկատմամբ անվստահությունից՝ միևնույն ժամանակ կիրառելով 2011թ. Կազանյան գագաթնաժողովում մշակված փաստաթուղթը:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ամենակարևորը անվստահությունից դուրս գալն է, որը դեռևս երբեմն ի հայտ է գալիս բանակցությունների ժամանակ և կենտրոնանալն իրատեսական, գործնական գաղափարների վրա, որոնք բավականին շատ են», - ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ այդ գաղափարները պետք է «շարադրվեն թղթի վրա»:

Լավրովն ընդգծել է, որ 2011-ի Կազանյան գագաթնաժողովի նախապատրաստումն ինտենսիվ է եղել, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև:

«Սակայն հենց գագաթնաժողովի ընթացքում հավելյալ հարցեր և մեկնաբանություններ են ի հայտ եկել: Այդպես պատահում է: Մենք դրանից ողբերգություն չենք սարքում: Աշխատանքը կշարունակվի: Վստահ եմ, որ այսպես կոչված՝ Կազանի փաստաթղթում շարադրվածի մեծ մասը նախկինի պես պահանջված է»,-ընդգծել է ռուս նախարարը:

«Այն տարիներին մշակված դրույթներից ոչինչ, կարծում եմ, չի կորել: Այս ընթացքում, իհարկե, որոշակի նոր մտքեր են առաջացել, որոնք համանախագահներն այժմ քննարկում են կողմերի հետ բանակցություններում», - շեշտել է Լավրովը: