Օխոտի ծովում փրկում են սառույցի շերտից անջատված մոտ 30 ձկնորսներին
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը Սախալինում իրականացնում է սառույցի շերտից անջատված մոտ 30 ձկնորսի փրկարարական գործողությունը, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նրանցից 4-ին արդեն հաջողվել է փրկել:
ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ապրիլի 9-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Սախալին կղզու հարավ-արևելյան հատվածում գտնվող Մորդվինովի ծովածոցում տեղի է ունեցել մարդկանց՝ սառույցի հիմնական շերտից անջատում:
ԱԻՆ-ի տվյալներով՝ ափից 500 մ հեռավորության վրա՝ սառցաշերտի վրա, գոյացել է 10 մ լայնությամբ ճեղքվածք, ինչի հետևանքով մոտ 30 ձկնորս անջատվել է սառցաշերտի հիմնական մասից:
Հայտնի է, որ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է 19 մարդ, 9 միավոր տեխնիկա: Նշվում է, որ 4 ձկնորս արդեն ցամաք է տեղափոխվել:










