Լոռու և Սյունիքի մարզերում քաղցկեղի բարձր ցուցանիշը նաև հանքերի շահագործման հետ է կապված. ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան (տեսանյութ)
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բյուջեն կազմում է ընդամենը 900 մլն դրամ, որը կարիքների 20 տոկոսն է կազմում, իսկ որպեսզի մենք կարողանանք քաղցկեղով հիվանդների բուժումն ամբողջովին ապահովել Հայաստանում, անհրաժեշտ է մոտ 7-8 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ Բժշկական համալսարանում ընթացող քաղցկեղի վերաբերյալ կոնֆերանսին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը: Նրա խոսքով՝ Լոռու և Սյունիքի մարզերը, որտեղ հանքարդյունաբերությունը զարգացած է, քաղցկեղի ցուցանիշով ՀՀ-ում առաջին տեղն են զբաղեցնում: Ըստ նրա՝ այս մարզերում քաղցկեղի բարձր ցուցանիշը նաև հանքի շահագործման հետ կապ ունի:
- Պարո՛ն Տանանյան, Ձեր ելույթում ասացիք, որ վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ-ում ուռուցքային հիվանդության մոտ 70% աճ ունենք: Ո՞րն է պատճառը:
- Հիվանդության աճը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ ՀՀ-ում ստեղծված են ինչ-որ արտառոց վատ պայմաններ, այլ դա գրանցվում է նաև ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում, Միացյալ նահանգներում և այլն: Հիվանդացության տոկոսը բարձրացվել է նաև նրա հաշվին, որ և՛ դիմելիությունն է մեզ մոտ շատացել, և՛ հայտնաբերումը: Ժամանակին՝ 90-ական թվականներին մենք չունեինք այդ բարձր տեխնոլոգիաներով սարքավորումները, որոնց շնորհիվ կարողանում ենք վաղ հայտնաբերել քաղցկեղը: Հիմա մի շարք քաղցկեղների դեպքում մենք կարողանում ենք վաղ փուլերում հայտնաբերելը քաղցկեղը և դրանով է պայմանավորված նաև աճը:
- Նշեցիք նաև, որ ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում են քաղցկեղի բուժման համար մեկնել Գերմանիա և այլ եվրոպական երկրներ: Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը:
- Հիմնականում ֆինանսական խնդիրն է, որ դիմում են եվրոպական երկրներ: Գերմանիա, մյուս եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգներ և մի շարք այլ երկրներ դիմում են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություն, դա ամբողջ աշխարհում է այդպես: Այսօր Գերմանիայում ապրող քաղաքացիները կարող են դիմել ուրիշ երկրներ՝ իրենց բուժումը կազմակերպելու համար: Հիմնական մասը, որը կարողանում է իրեն թույլ տալ ֆինանսական բավականին մեծ ծախսեր, կարող են դիմել եվրոպական մյուս երկրներ: Նաև ունենք հիվանդների երկրորդ զանգվածը, ովքեր անվճարունակ են և դիմում են Գերմանայի Դաշնությանը կամ Ֆրանսիայի Հանրապետություն, և այնտեղ ստանում են բուժումներ ամբողջովին անվճար՝ ապահովելով և՛ քիմիաթերապիան, և՛ ճառագայթային բուժումը: Մեր հանրապետությունում ֆինանսական վիճակն այնպիսին է, որ չենք կարողանում ծածկել ամբողջ պահանջարկը, և մի շարք մարդիկ դիմում են եվրոպական երկրներ և այնտեղ անցնում են իրենց բուժումը:
- Հայաստանում պետպատվերով հիվանդներին տրամադրվող դեպքերը որքանո՞վ են էֆեկտիվ: Մեկ հիվանդի համար մեկ հակաքաղցկեղային կուրսի գումարային արժեքը որքա՞ն է կազմում:
- ՀՀ-ում ուռուցքային հիվանդությունների ֆինանսական կարիքները մենք կարողանում ենք լուծել մոտավորապես 15-20 տոկոսով: Այսինքն, մեր բյուջեն ուռուցքաբանության ոլորտը ծածկելու համար ապահովում է կարիքների ընդամենը 15-20 տոկոսը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բյուջեն, որը ապահովում է մեր հանրապետությունում 80-90 տոկոս բուժումը՝ և՛ վիրաբուժությունը, և՛ քիմիաթերապիան, և՛ ճառագայթային բուժումը, կազմում է ընդամենը 900 մլն դրամ: Այսինքն, որպեսզի մենք կարողանանք հիվանդների բուժումն ամբողջովին ապահովել, մոտավորապես 7-8 մլրդ դրամի անհրաժեշտություն կա: Սա է խնդիրը:
- Պարո՛ն Տանանյան, ակնհայտ տարբերություն կա ԱՆ տվյալների և փորձագետների միջև: Մասնավորապես, բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը հայտարարել էր, որ աշխարհի 172 երկրների շարքում Հայաստանն առաջինն է քաղցկեղից մահացության ցուցանիշով: Նման հայտարարություններ էլի են հնչել, օրինակ՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Շանթ Շխրտմյանը ասել է, որ քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանը երկրորդ տեղում է՝ Զիմբաբվեից հետո:
- Նշեմ, որ Հայաստանը առաջին տեղում չէ, բայց մենք ունենք բավականին զգալի հիվանդացության բարձրացում: Դա կապված է և հայտնաբերման հետ, և ընդհանրապես ամբողջ աշխարհում հիվանդացության բարձրացման հետ:
- Հայաստանում քաղցկեղը երիտասարդանո՞ւմ է:
- Ոչ: ՀՀ-ում քաղցկեղը հանդիպում է նաև 25-60 տարեկան տարիքային ցենզում է, բայց հիմնականում մեզ մոտ քաղցկեղը հանդիպում է 60 և բարձր տարիքում:
- Բազմաթիվ երկրներում այժմ սկրինինգային ծրագրեր են անցկացվում, որոնցից Հայաստանում միայն արգանդի վզիկի քաղցկեղի մասով է անցկացվում: Նման ծրագրերի ավելացման կարևորությունը չե՞ք տեսնում:
- Միանշանակ կարիքը կա: Ամբողջ խնդիրը, որ հիվանդացությունն այդքան աճում է հենց նրանում է կայանում, որ մենք չունենք սկրինինգային ծրագրերը: Եվ մեզ մոտ քաղցկեղը 40-45 % դեպքերում հայտնաբերվում է 3-րդ, 4-րդ փուլերում: Սրա հետ է կապված նաև մահացության բարձր տոկոսը: Եթե կարողանանք ներդնել սկրինինգային ծրագրեր, այսինքն, քաղցկեղը հայտնաբերենք վաղ փուլերում, մենք կկարողանանք նաև հետագայում բարձրացնել ապրելիության հարցը:
- Ճիշտ են այն տեսակետները, որ այնտեղ, որտեղ հանքարդյունաբերությունը զարգացած է, ավելի շատ են հանդիպում քաղցկեղի դեպքեր:
- Լոռու և Սյունիքի մարզերը քաղցկեղի ցուցանիշով ՀՀ-ում առաջին տեղն են զբաղեցնում:
- Այսինքն, այս մարզերում քաղցկեղի բարձր ցուցանիշը հանքերի շահագործման հե՞տ է կապված:
- Նաև դրա հետ կապ ունի:










