Մայնի Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայաններում վաղը գործադուլներ կանցկացվեն

15:29 • 09.04.18

Երեքշաբթի՝ ապրիլի 10-ին, Մայնի Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայանների անձնակազմերը գործադուլ կանցկացնեն: Այդ մասին հայտնել է Verdi արհմիությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նշվում է արհմիության կայքում տեղադրված հայտարարությունում, բանակցությունների երկրորդ փուլից հետո գործատուներից առաջարկներ չեն ստացվել:

«Առանց աշխատավարձի զգալի ավելացման մասին պայմանավորվածության՝ այս սակագնային բանակցությունները չեն ավարտվի»,- ասված է հայտարարությունում:

Հաղորդվում է, որ գործադուլին կմիանան նաև Քյոլնի և Բրեմենի օդանավակայանների աշխատակիցները:

Verdi արհմիությունը պահանջում է 6 տոկոսի աշխատավարձի բարձրացում՝ ամսական առնվազն 200 եվրոյով: Կիրակի Պոտսդամում սկսվում է արհմիությունների և գործատուների միջև բանակցությունների երրորդ փուլը: