«Ուզածդ ի՞նչ է, Դո՛նյա». Ժիրինովսկին Պուտինին ասել է՝ ինչպես պետք է խոսել Թրամփի հետ

10:46 • 09.04.18

«Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության ու Միացյալ Նահանգների նախագահները հնարավորինս շուտ պետք է հանդիպեն ու քննարկեն հարաբերությունների սրման հարցը:

Ժիրինովսկիի կարծիքով՝ այսպիսի հանդիպումն անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից ռուս պաշտոնյաների,  գործարարների ու ռուսական ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից հետո:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր-նախագահը վստահ է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում:

«Բայց հարկավոր է բոլոր դիվանագետներին, թարգմանիչներին դուրս հանել սենյակից ու դեմ առ դեմ խոսել: Պուտինը պետք է ամերիկացի առաջնորդին հարցնի՝ «Ուզածդ ի՞նչ է, Դո՛նյա»,-հայտարարել է Ժիրինովսկին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ապրիլի 6-ին պատժամիջոցների «սև ցուցակում» է  ներառել 17 ռուս պաշտոնյայի, 7 խոշոր գործարարի և 12 պետական ընկերության: Սպիտակ տան փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցները սահմանվել են միջազգային հարթակում Ռուսաստանի ապակայունացնող պահվածքին հակազդելու համար:

Մինչդեռ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ  Ռուսաստանն արդեն կազմել է հավանական պատասխան քայլերի ցանկը: