ՀՀ մի շարք գյուղապետերի նկատմամբ հարուցվել է մի քանի տասնյակ քրգործ. համայնքապետերի չարաշահումների հետքերով
Ցորենի սերմնացուի դիմաց պարտքի ներման Կառավարության 2017 թ. որոշումից հետո համայնքներում սկսեցին լայնամասշտաբ ստուգումներ իրականացվել իրավապահների կողմից: Ստուգումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ չարաշահումների մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը հետաքննություն է արել:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանի՝ 672 մլն դրամի պարտավորություն դեռևս 2011թ. ինչպես շահառու համայնքներ, այնպես էլ առանձին հողօգտագործողներ չէին կատարել, որոնց կապակցությամբ ևս Կառավարության որոշմամբ շուրջ 642 մլն դրամի պարտավորությունը ներվեց:
«Շուրջ 300 շահառու, ինչպես պարարտանյութերի, այնպես էլ սերմնացուների գծով կա´մ ընդհանրապես չեն մասնակցել ծրագրին և տեղեկություն չունեն դրա մասին, հետևաբար իրենց վրա դրված պարտավորությունից էլ տեղեկություն չունեն, կա´մ ժամանակին ստացել են պարարտանյութը կամ սերմը, ժամանակին վճարել են, իրենց պարտավորությունը կատարել են, սակայն նրանց անվան դիմաց գրանցել են, որ իբրև չի կատարել պարտավորությունը, և ներկայացվել է ՀՀ կառավարությանը, որի արդյունքում՝ պարտքերը ներվել են»,-ռեպորտաժում պարզաբանել է Վահե Ռաֆայելյանը:
Քննչական մարմինները չարաշահումների գործընթացն ուսումնասիրել են մի քանի մարզում: Պարզվել է` Շիրակի մարզի համայնքներում պետությանը զգալի գումարներ են պարտք, սա հայտնի է եղել վաղուց: Ցորենի սերմնացուի բաշխման գործընթացում իրավապահները չարաշահումներ էին հայտնաբերել Շիրակի մարզի բնակավայրերի մեծ մասում, խոշոր չափի խախտումներ էին եղել դրանցից 4-ում:
Ըստ Շիրակի մարզպետարանի տվյալների՝ 2016-17 թթ. սերմնացուի պարտքերի վճարման մասով զգալի առաջընթաց էր գրանցվել:
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանի ձևակերպմամբ՝ մարզի պարտքը եղել է մոտավորապես 180 մլն, 2016 թ. ընթացքում մոտ 60 մլն դրամ հավաքվել է:
Մարզպետարանում պարզաբանել են, որ տարածքային կառավարման մարմինները սերմնացուի բաշխման պայմանագրեր են կնքել համայնքային իշխանությունների, վերջիններն էլ՝ գյուղացիների հետ: Գյուղերում և՛ սերմնացուի բաշխման, և՛ գումարների հավաքագրման, համապատասխան հաշվեհամարին մուտքագրման պատասխանատուն գյուղապետարանն է:
Ըստ «Սուր անկյունի»-ի թղթակցի տեղեկությունների` ստուգումները հաջորդել են վարչապետի հանձնարարականին: Այն տրվել է բաշխված սերմնացուի և հավաքված պարտքերի մասին համայնքներից ստացված տեղեկատվության ամփոփման ժամանակ: Գյուղապետերը համապատասխան հաշվեհամարին մուտքագրել են ավելի քիչ գումար, քան նշել են կառավարությանը ներկայացրած տեղեկանքներում: Բացի այդ, պետությունը չի ստացել այն գումարները, որոնք հավաքվել են պարտքերի ներման` կառավարության որոշման ընդունման շրջանում: Այսինքն` գյուղապետերը, տեղեկանալով, որ պարտքը մարվել է, յուրացրել են գումարը:
«Պատկերը հետևյալն է. x թվաքանակի շահառուների դեպքում պետք է առաջանար այդ գումարի չափով պարտավորություն, որը պետք է կատարվեր համայնքների ղեկավարների կողմից, ներկայացրել են իբրև պարտք` չկատարած»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետը:
Ըստ Անի համայնքի վարչական ներկայացուցչի` ցորենը բաշխել և գումարը հավաքել է նախորդ գյուղապետը` տարօրինակ եղանակով: Գյուղում չկա մեկը, որ ունենա վճարման կտրոն: Նշանակում է` վճարումը որևէ կերպ փաստաթղթավորված չէ: Անհրաժեշտության դեպքում կողմերից որևէ մեկը չի կարողանա հիմնավորել չարաշահումների կամ վճարումների հանգամանքը, և ամեն ինչ կախված է կողմերի բարեխղճությունից:
Իսահակյան գյուղում ևս կտրոնները չեն տրվել, գումարի մի մասը չի հասել տեղ: Լուրերի համաձայն` գյուղապետը գումարը ծախսել է բուժման նպատակով և սերմնացու ստացած գյուղացիներին զգուշացրել է այդ մասին, անգամ ստացականներ տրամադրել: «Սուր անկյունի» լրագրողը պատմել է, որ Իսահակյան գյուղում մարդիկ երկու խմբի են բաժանվում` պարտք ունեցող և պարտք չունեցող:
Սերմնացուի բաշխման գործընթացը խախտումներով է իրականացվել նաև Լոռու մարզում, որտեղ երկու համայնքի ղեկավար է ձերբակալվել: Դատախազության տվյալներով` Հայաստանի տարբեր մարզերում գյուղապետերի նկատմամբ հարուցվել է մի քանի տասնյակ քրեական գործ:
«Հարուցվել է 22 քրեական գործ և բոլոր այդ դեպքերում նախապատրաստվում են նյութեր: Ուսումնասիրությունները շարունակվում են, վստահ եմ, որ թվական տվյալները կփոխվեն, ցավոք սրտի, աճման միտումով»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետը:










