Հունգարիայում կոալիցիան հաղթել է խորհրդարանական ընտրություններում, պարտված կուսակցությունների առաջնորդները հրաժարական են տվել
Հունգարիայի վարչապետ և «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության նախագահ Վիկտոր Օրբանը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իշխող կոալիցիայի հաղթանակի մասին: Համապատասխան հայտարարությունը նա արել է կիրակի՝ ելույթ ունենալով իր աջակիցների առաջ, հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք հաղթեցինք: Մասնակցության բարձր ցուցանիշն ի չիք դարձրեց բոլոր կասկածները»,- հայտարարել է Օրբանը:
Քաղաքական գործիչը նախընտրական արշավը «լուրջ հաղթանակ» է անվանել և նշել է, որ այդ հաղթանակը շատ կարևոր է իր, ինչպես նաև իր աջակիցների համար, քանի որ նրանք «Հունգարիան պաշտպանելու հնարավորություն են ստացել»:
Ձայների 93 տոկոսի հաշվարկից հետո Օրբանի գլխավորած «Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունից և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունից կազմված կոալիցիան առաջատար դիրք է զբաղեցրել խորհրդարանական ընտրություններում և ստացել խորհրդարանի 199 տեղից 133-ը։
Հաղորդվում է, որ ընտրությունների արդյունքում երկրորդ, երրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած կուսակցությունների առաջնորդները հրաժարական են տվել:










