Ճապոնացին տարիներ շարունակ վանդակի մեջ է պահել հոգեկան խանգարում ունեցող որդուն

09:57 • 09.04.18

Ճապոնիայի Հիոգո պրեֆեկտուրայի ոստիկանությունը ձերբակալել է 73-ամյա տղամարդու, որը երկար տարիներ վանդակում է պահել իր որդուն՝ վերջինիս ունեցած հոգեկան խնդիրների պատճառով, հաղորդում է lenta.ru կայքը՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին:

Ըստ լրատվամիջոցների՝ Յոշիտանե Յամասակին իր 42-ամյա որդուն վանդակի մեջ է սկսել պահել 16 տարեկանից։ Տղամարդը նշել է, որ հոգեկան հիվանդության պատճառով իր որդին դարձել էր ծայրաստիճան ագրեսիվ, և իրենք զգուշանում էին տղային տանը միայնակ թողնել:

Փայտե վանդակը, որում պահվել է տղան, ունեցել է 1,8 մետր երկարություն, մոտ 1 մետր բարձրություն և 90 սմ լայնություն: Վանդակը տեղակայված է եղել ոչ թե անմիջապես տանը, այլ մոտակայքում:

Ընդ որում՝ տարածքն ունեցել է նաև օդորակիչ:

Յամասակին երկու օրը մեկ տղային դուրս է հանել՝ լոգանք ընդունելու համար, ինչպես նաև կերակրել է նրան:

Նշվում է, որ 42-ամյա տղամարդը լուրջ առողջական խնդիրներ չունի:

Յամասակիի արարքի մասին հայտնի է դարձել տեղի սոցաշխատողներից մեկի՝ նրանց տուն այցի ժամանակ: