Սաուդյան Արաբիան առաջին անգամ կմասնակցի Կաննի կինոփառատոնին
Սաուդյան Արաբիան առաջին անգամ կմասնակցի Կաննի միջազգային կինոփառատոնին և մի քանի կարճամետրաժ ֆիլմ կներկայացնի, ինչպես նաև՝ ազգային օպերայի և նվագախմբի ստեղծման համար կհամագործակցի Ֆրանսիայի հետ: Այս մասին հայտնում է Parisien-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բեն Սալմանի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ կայացել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարների հանդիպումը:
«Մենք շատ ուրախ ենք, որ հաջողվել է համաձայնության գալ մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենի հետ՝ Կաննի կինոփառատոնում պաշտոնական մասնակցության վերաբերյալ», - զրույցի վերջում հայտնել է Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարար Ավադ Բեն Սալեխ Ալ Ավադը:
Ֆրանսուազա Նիսենն իր հերթին ասել է, որ Ֆրանսիան կօգնի Սաուդյան Արաբիային սեփական օպերա և նվագախումբ ստեղծել:










