ՀՀ-ում չունենք պետական սկրինինգային ծրագրեր. ճառագայթաբանը սրանում է տեսնում ուռուցքային հիվանդությունների՝ ուշացած փուլում հայտնաբերման պատճառը (տեսանյութ)

19:54 • 10.04.18

Tert.am-ի հետ զրույցում Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ղեկավար Հովհաննես Վարդևանյանն անդրադառնում է ՀՀ-ում քաղցկեղային հիվանդությունների հայտնաբերման պրակտիկային, ախտորոշման մեթոդների կիրառմանը, մահացության բարձր ցուցանիշներին: Մասնավորապես, ճառագայթաբանը ուռուցքային հիվանդությունների՝ ուշացած փուլում հայտնաբերման հիմնական պատճառ է համարում պետական սկրինինգային ծրագրերի բացակայությունը:

-Հայաստանում քաղցկեղից մահացության սարսափելի թվեր են ներկայացվում տարբեր անկախ փորձագետների կողմից, մասնավորապես, որ մահացության ցուցանիշով գերազանցում ենք անգամ Զիմբաբվեին: Առողջապահության նախարարությունը, բնականաբար, այս թվերը չի հաստատում, բայց,  օրինակ, ՀՀ գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանի կողմից պաշտոնապես հնչեցված թիվը նույնքան սարսափելի է: Այսինքն՝ վերջին 20 տարիներին ՀՀ -ում ուռուցքային հիվանդությունները մոտ 70 տոկոսով աճել են: Որպես բժիշկ-ճառագայթաբան՝ որո՞նք եք համարում օնկոլոգիական հիվանդացության տարածվածության հիմնական պատճառները:

-Նախ նշեմ, որ տենդենցն ամբողջ աշխարհում սիմետրիկ է: Այսինքն՝ եթե Հայաստանում իրապես նկատվում է քաղցկեղի դեպքերի աճ, դա նկատվում է զարգացած պետություններում ևս: Սակայն նախ ասեմ, որ համամիտ եմ  բժիշկ Տանանյանի հետ, և երկրորդ՝ վերջին 20 տարում նախ ախտորոշումն է շատ ավելի առաջ գնացել ու հզորացել, ինչի արդյունքում քաղցկեղային հիվանդությունները հայտնաբերվում են ավելի վաղ փուլում, և բացի դրանից՝ հայտնաբերվում են նաև այնպիսի դեպքեր, որոնք նախկինում գործնականում հնարավոր չէր հայտնաբերել: Այսինքն՝ ժամանակակից ախտորոշման մեթոդների կիրառումը Հայաստանում իսկապես մեզ հնարավորություն է տալիս տարաբնույթ քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման հարցում: Սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ միշտ չէ, որ բուժման մեթոդներն ու մոտեցումները «հասցնում են»: Ամբողջ աշխարհում էլ այդպես է: Եվ երբ ուշացած փուլում հայտնաբերվում է քաղցկեղային պրոցես, ամենևին էլ Իսրայելում, Գերմանիայում չեն կարող ապահովել ամբողջական ապաքինում, առողջացում: Փորձում են կյանքը երկարացնել, բայց ուշացած փուլում: Քանի որ ուշացած փուլերում բացարձակ լավ արդյունք ստանալը գործնականում անհնար է: Քաղցկեղի դեմ պայքարի ամենակարևոր ստրատեգիան, ամենակարևոր փուլը վաղ ախտորոշումն է, և այն լավ արդյունք ստանալու հիմնական գրավականն է:

-Որն է քաղցկեղի՝ ուշացած փուլում հայտնաբերման հիմնական պատճառը՝ սոցիալ-տնտեսական, թե այլ:

-Իհարկե, եթե դիտարկում ենք բոլոր քաղցկեղային հիվանդությունները՝ պարզ է՝ չարորակ պրոցեսներ են, որոնք ունեն վատ ընթացք: Բայց տարբեր ուռուցքային հիվանդություններ տարբեր կերպ են ընթանում: Ուստի շատ երկրներում կիրառվում են սկրինինգ-հետազոտություններ: Այսինքն՝ որպեսզի պրոցեսը հայտնաբերվի առավել վաղ, բուժելի  փուլում՝ 0-ական, 1-ին և 2-րդ փուլերում, պետք է կատարվեն սկրինինգ-հետազոտություններ: Այսինքն՝ մարդը գանգատ չունի, ցավեր չունի, բայց արվում է մամոգրաֆիա կրծքագեղձի համար,  արվում է հետազոտություն արգանդի վզիկի համար, կոլոնոսկոպիա՝ հաստ աղիքի քաղցկեղի հայտնաբերման համար: Թոքի քաղցկեղի համար ժամանակակից մոդելը «low dose-CT»-ն է, այսինքն՝ցածր ճառագայթային բեռնվածությամբ հետազոտությունը, կամ համակարգչային տոմոգրաֆիան, ստամոքսի համար՝գաստրոսկոպիան է, շագանակագեղձի համար՝ PSA ախտորոշումն է: Եվ սրանք ինչ-ինչ պարբերականությամբ արվում են:

-Հայաստանում ինչո՞ւ չեն արվում:

-Հայաստանում, ցավոք, պետական սկրինինգային ծրագրեր չունենք: Եթե համեմատենք մյուս պետությունների հետ, որտեղ արդեն ներդրվել է դա, բնականաբար,այնտեղ արդյունքն ավելի լավ է:  Պատկերացրեք՝ այնտեղ ինչ-ինչ տարիքային խմբից սկսած համատարած սկրինինգային ծրագիր է իրականացվում, կրծքի քաղցկեղի համար դա 40 և բարձրն է, արգանդի վզիկի համար՝ ավելի երիտասարդ տարիքը, հաստ աղիքի համար օպտիմալը համարվում է 45-ից բարձրը, թոքի քաղցկեղի համար՝ 50-ից բարձրը և այլն: Այդ երկրներում բոլոր հետազոտություններն արվում են անվճար և համատարած: Որպեսզի հետազոտվող դեպքերի մեջ հայտնաբերվեն քաղցկեղով հիվանդները: Նորից եմ կրկնում՝ սա առավել բուժելի փուլն  է: Իսկ երբ արդեն ի հայտ են գալիս կլինիկական պրոբլեմները, նշանակում է, որ հիվանդությունն արդեն տարածվել է, իսկ տարածվածն արդեն 3-րդ, 4-րդ փուլն է:

-Համեմատություն կբերե՞ք՝ զարգացած երկրների և Հայաստանում քաղցկեղով հիվանդության և դրանից մահացության ցուցանիշների վերաբերյալ:

-Մի բան է քաղցկեղի տարածվածությունը, մեկ այլ բան՝ քաղցկեղից մահացությունը:Մեզ մոտ տարածվածությունն իսկապես աճում է, ինչը պայմանավորված է նաև հայտնաբերելիությամբ: Նորից եմ ասում՝ նախկինում այդ դեպքերը չէին էլ հայտնաբերվում, իսկ հիմա հայտնաբերվում են: Բայց դրա հետ մեկտեղ հայտնաբերվում են ուշացած: Դրա համար մեծացել է նաև քաղցկեղից մահացության դեպքերի մակարդակը: Եվրոպայում ավելի քիչ է, եթե մենք դիտարկենք, օրինակ, կրծքի քաղցկեղը, զարգացած երկրներում դեպքերի մոտ 70 տոկոսը կազմում են 0-ից 2-րդ փուլի քաղցկեղները: Այսինքն՝ 3-րդ և 4-րդ փուլերը չեն կազմում անգամ մեկ երրորդը: Երկրներ կան, որ ուշացած դեպքերը 25 տոկոսից էլ քիչ են:

Հայաստանի դեպքում վիճակագրությանը 100 տոկոսով չեմ տիրապետում, բայց մեզ մոտ, կարծում եմ, 50 տոկոսից ավելին 3-րդ և 4-րդ փուլերի դեպքերն են:


Մանրամասները՝ տեսանյութում: