Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը մեկ շաբաթ ուշացումով տեղի հոգևոր հովվին է վերադարձրել հովվատան փոխած բանալիները
Ֆրանսիայի Նիցցա քաղաքի նախկին կրոնական ընկերակցությունը Նիցցայի հոգևոր հովվին է վերադարձրել հովվատան փոխած բանալիները, սակայն մեկ շաբաթ ուշացումով: Այս մասին Tert.am-ին հայտնեց Նիցցայի հայ համայնքի հոգևոր հովիվ Գրիգոր աբեղա Խաչատրյանը:
«Դատարանի որոշման համաձայն՝ բանալիները հանձնեցին ինձ»,- ասաց նա՝ հավելելով, որ հանձնման ուշացման հետ կապված տուգանքների հարցով զբաղվում է իր փաստաբանը:
Հիշեցնենք, որ Նիցցայի հոգևոր հովիվ, Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանը Tert.am-ին պատմել էր, որ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը փոխել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու բոլոր փականները՝ դրսում թողնելով իրեն: Իսկ հետո Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Tert.am-ին ասել էր, որ հայր Գրիգորին լուր էր հասել, որ իր տունը կողոպտել են։
Մարտի 19-ին նշված գործով վճիռ էր կայացվել․ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը շահել էր դատը: Ըստ վճռի՝ 24 ժամվա մեջ հայր Գրիգորին պետք է հանձնվեր հովվատան բոլոր փոխված փականների բանալիները: Չվերադարձնելու դեպքում՝ յուրաքանչյուր օրվա համար նախատեսվել էր 100€ տուգանք:
Ըստ հայր Գրիգորի՝ հիմա իրավիճակը Նիցցայում հանգիստ է․ նախկին կրոնական ընկերակցության անդամներն իրենց «հանգիստ են պահում»:
Դիտարկմանը, թե ինչ փուլում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու և նախկին կրոնական ընկերակցության հետևորդների հաշտեցման գործընթացը, Նիցցայի հոգևոր հովիվը պատասխանեց․«Միևնույն կետի վրա: Առայժմ հաշտեցման հանձնախմբերի միջև հանդիպումներ չեն եղել»:
Հիշեցնենք նաև, որ Նիցցայում նախկին կրոնական ընկերակցությունը չի ընդունել թեմական նոր կանոնադրությունը և սկսել է չճանաչել թեմի իշխանությունը: Կարգալույծ արված այս հոգևորականներն իրենց են վերցրել հայ բարերարների միջոցներով կառուցված Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ հայ առաքելական եկեղեցու հետևորդները եկեղեցական արարողություններին մասնակցում են վարձակալած ֆրանսիական եկեղեցում:










