Եթե վարչապետին կողմ քվեարկենք, նշանակում է, որ այլևս ընդդիմություն չենք. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր
Կարծես թե վարչապետի պաշտոնում առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ես Կարեն Կարապետյանի խոսքից հասկացա, որ կարծես թե նրան են առաջադրելու: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա նշեց, որ իրենք՝ որպես քաղաքական ուժ, իրավունք չունեն քննարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, քանի դեռ նրան պաշտոնապես չեն առաջադրել:
«Դա լուրջ չի լինի: Քաղաքական որոշումներ պետք է կայացվեն փաստացի իրողությունների վրա, ոչ թե ենթադրությունների: Մենք այս պահի դրությամբ որևէ քննարկում չենք ունեցել»,- նշեց նա:
Սերգեյ Բագրատյանն ասաց, որ ներկայիս նախագահի ու հաջորդ վարչապետի պաշտոնները տարբեր են, անձը երկրորդական է:
«Քաղաքական ուժերն այլևս այս հարթակում, այս կոնսենսուսով աշխատել չեն կարող: Իշխող ՀՀԿ-ն ունենում է մեծամասնություն, բայց զսպող մեխանիզմները չեն բերում: Երբ մենք՝ որպես ընդդիմություն, առաջարկում ենք հավասարակշռող օրենքներ ընդունել, չեն ընդունում, ունեն վետոյի իրավունք, որը կիրառում են: Թող ստեղծվի նոր մի հարթակ, առաջադրվեն 10-ական իշխանական, 10-ական ընդդիմադիր պատգամավորներ, լինի նաև ԵՄ ներկայացուցիչ, որ միանգամայն այլ հարթակով աշխատենք: Քաղաքական կամքի հույսին չպետք է մնանք»,- ասաց նա:
Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եթե իրենք վարչապետին կողմ քվեարկեն, նշանակում է, որ այլևս ընդդիմություն չեն: «Տրամաբանական է, որ մենք քաղաքագիտորեն չենք կարող կառավարության այս ծրագրին կողմ քվեարկել: Իսկ վարչապետը կառավարության ծրագիրն իրացնող համար մեկ պաշտոնյան է: Եթե դու վարչապետին կողմ ես քվեարկում, նշանակում է, որ այդ ծրագրին էլ ես կողմ: Եթե մենք ընդդիմություն ենք ու կողմ ենք, դա հասկանալի չէ», -ասաց Սերգեյ Բագրատյանը:










