Դեպարդիեն ելույթ կունենա Վիսոցկու 80-ամյակին նվիրված համերգի ժամանակ ու կկատարի նրա երգերը
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կժամանի Մոսկվա՝ ռուս երաժիշտ և դերասան Վլադիմիր Վիսոցկու երգերը ֆրանսերեն ու ռուսերեն կատարելու համար:
Ինչպես «РИА Новости»-ին տեղեկացրել են միջոցառման կազմակերպիչները, համերգը նվիրված կլինի Վիսոցկու 80-ամյակին և կանցկացվի ապրիլի 25-ին՝ «Ռոսիա» համերգասրահում:
Համերգի կազմակերպիչները պատմել են, որ Դեպարդիեն վաղուց էր երազում աշխատել Վիսոցկու և նրա տեսքտերի հետ: Դեռևս 1970-ականներին եղել է «Արձակուրդ Վիեննայում» ֆիլմի գաղափարը՝ Վլադիմիր Վիսոցկու և Էդուարդ Վոլոդարսկու սցենարի հիման վրա. սա համակենտրոնացման ճամբարի գերիների պատմությունն է, որոնց հաջողվում է փախչել պատերազմի ավարտից մի քանի օր առաջ: Վիսոցկու կինը՝ Մարինա Վլադին, թարգմանել է սցենարը ֆրանսերեն ու տարել այն Փարիզ:
Երիտասարդ, բայց արդեն հայտնի դերասաններ Ժերար Դեպարդիեն ու Դանիել Օլբրիխսկին համաձայնել են առանց հոնորարի նկարահանվել ֆիլմում: Ցավոք, Վիսոցկու մահը խանգարել է այս պլաններին:
Նշվում է, որ Դեպարդիեի մասնակցությունն այս համերգին հարգանքի տուրք կդառնա մեծ բարդին:










