Փաստաթղթերը պատրաստ են, դիմելու ենք դատարան այն «բեսպրեդելի» դեմ, որ Շիրակի համալսարանում իրականացնում է ռեկտորը. Գագիկ Համբարյան
Շիրակի պետական համալսարանից հեռացված դասախոսներից Գագիկ Համբարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր կամ վաղը դիմելու են դատարան, քանի որ անհրաժեշտ փաստաթղթերը գրեթե ամբողջությամբ պատրաստ են:
«Մեր սահմանադրական իրավունքն է դիմել դատարան այն անօրինականությունների և «բեսպրեդելի» դեմ, որը Շիրակի համալսարանում իրականացնում է ռեկտոր Սահակ Մինասյանը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանում երկու դասախոսների աշխատանքից ազատումը լայն արձագանք ստացավ, և ընդդեմ նրանց ազատման հանդես եկան բազմաթիվ դասախոսներ, մտավորականներ և անգամ պատգամավորներ:
Գագիկ Համբարյանը նշեց, որ իրենք դիմելու են նաև դատախազություն, և դրա համար ավելի մեծ փաստաթղթային բազա է պետք, քանի որ Սահակ Մինասյանի գործունեության պարագայում առկա են ոչ միայն քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պատիժներ, այլ նաև քրեական, որովհետև բուհի գրադարանային ֆոնդի ոչնչացումը քրեորեն պատժելի արարք է:
Ըստ Գագիկ Համբարյանի՝ համալսարանի ռեկտորը կեղծ փաստեր, ապացույցներ և ապատեղեկատվություն է տարածել:
«Ես ապացուցային բազա ունեմ, թե ովքեր են ակտիվորեն մասնակցել այդ գրքերի տեղափոխման հարցում՝ բուհի բազմաթիվ աշխատակիցներ, պահակներ, գրադարանի աշխատողներ»,-ասաց նա։
Նա նշեց, որ 6 ամիսների ընթացքում հասկացել է, որ չպետք է որևէ ակնկալիք ունենալ ՀՀ-ում արդարությունը վերականգնելու համար. «Քանի որ բազմաթիվ անօրինականություններ, ապօրինություններ, հանցագործություններ ապացուցված ներկայացնելուց հետո պարզվեց, որ մենք ենք մեղավոր, այսինքն՝ մեր իշխանությունները հասկացրին, որ դուք եք մեղավոր, չպետք է բարձրաձայնեք: Սկզբից շատ մեծ ակնկալիքներ ունեի, իսկ հիմա, անկեղծ ասած, որևէ ակնկալիք չունեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ»,-ասաց նա և նշեց, որ անգամ կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:










