Հայաստանում ներդրումային մթնոլորտի բարելավման համար անհրաժեշտ է տքնաջան աշխատել. Արմեն Սարգսյան
Հայաստանում ներդրումային մթնոլորտի բարելավման համար անհրաժեշտ է տքնաջան աշխատել և մտածել օրենքի գերակայության և օրենքի առաջ համընդհանուր հավասարության հետագա ամրապնդման մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական ТАСС-ին տված հարցազրույցում:
«Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է այնպես անել, որ ցանկացած պոտենցիալ ներդրող իմանա, թե ինչ է նրան սպասվում, այսինքն՝ թե ինչ պայմաններում է նա ստիպված լինելու աշխատել, ինչպիսին է երկրի օրենսդրությունը և պրակտիկան, որտեղ նա պատրաստվում է ներդրում անել: Իսկ բարենպաստ ներդրումային մթնոլորտի ձևավորման համար անհրաժեշտ է տքնաջան աշխատել»,- ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահի խոսքով՝ հարկավոր է մտածել երկրի տնտեսական և ներդրումային գրավչության, օրենքի գերակայության և օրենքի առաջ համընդհանուր հավասարության հետագա ամրապնդման մասին:
«Ընդ որում՝ դա կախված է ոչ միայն պետությունից, այլև քաղաքացիներից, հասարակությունից, բիզնես համայնքից»,- ասել է նա:
Նշենք, որ ТАСС գործակալությանը տված հարցազրույցում Արմեն Սարգսյանը նաև ասել էր, որ չափազանց կարևոր է համարում Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
«Արդեն ավելի քան 25 տարի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անց են կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների և տարրերի հիման վրա: Ռուսաստանն առանցքային դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը»,- նշել էր ՀՀ նախագահը՝ ավելացնելով, որ «23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հաշտեցումը ձեռք է բերվել հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ»:










