Կեմերովոյի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից հետո մարզպետի պաշտոնից հրաժարական տված Աման Տուլեևը մարզի խորհրդարանի խոսնակ է դարձել
ՌԴ Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը գրեթե միաձայն նախկին մարզպետ Աման Տուլեևին խորհրդի նախագահ է ընտրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանդես գալով պատգամավորների առաջ՝ Տուլեևը հայտարարել է, որ մարզպետի պաշտոնում աշխատանքի ընթացքում նա ոչ մի րոպե հանգիստ չի ունեցել և տվել է իր ամբողջ ուժերն աշխատանքին, ինչպես նաև նշել է, որ իր խիղճը մաքուր է համարում Աստծո առաջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աման Տուլեևը մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի անդամ է դարձել:
Կեմերովոյի մարզպետը հրաժարական էր տվել ապրիլի 1-ին՝ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո:
Հիշեցնենք, որ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Քննությունը դիտարկում է երկու վարկած՝ կարճ միացում և հրդեհում։ Կան գործով կալանավորվածներ։










