Ամերիկյան նոր պատժամիջոցները մեծ անորոշություն են ստեղծել ներդրողների համար. Կրեմլում մեկնաբանել են ռուսական շուկաների կտրուկ անկումը
Կրեմլում ուշադիր հետևում են երկրում տնտեսական իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուսական շուկաների անկումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է տնտեսական օրակարգին, այն միշտ առկա է նախագահի աշխատանքային գրաֆիկում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է ձեռնարկում անձամբ նախագահն իրավիճակի կայունացման համար:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ բորսաներում բացասական միտումները պայմանավորված են ամերիկյան պատժամիջոցների հուզական հետևանքներով:
«Գիտեք, նման բաներ լինում են: Հետագայում կկարգավորվի»,- հավելել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ իշխանությունները ռուսական ընկերությունների արժեթղթերի անկման հետ կապված իրավիճակը պահում են «խիստ ուշադրության տակ»:
Իր հերթին, ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ ամերիկյան նոր պատժամիջոցները մեծ անորոշություն են ստեղծել ներդրողների համար, և այժմ կարևոր է դա նվազագույնի հասցնել:
«Ռուսական մասնավոր ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցները ստեղծել են զգալի անորոշություն բոլոր ներդրողների, բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են ֆինանսական շուկայում: Նման անորոշության դեպքում բոլորովին ակնհայտ է, որ ներդրողներն իրենց առավելապես պահպանողական կերպով են պահում»,- ասել է նա:
Նախօրեին ռուսական արժույթը կտրուկ անկում է գրանցել ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման ֆոնին: Պատժամիջոցների ցանկում է հայտնվել ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան պաշտոնյա և գործարար, ինչպես նաև նրանց հետ կապված ընկերություններ:
Ռուսական ֆոնդային շուկայի անկումը հանգեցրել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունների լուրջ կրճատման: Ինչպես վկայում են Forbes ամսագրի տվյալները՝ մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 50 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կրճատվել է ավելի քան 11,7 միլիարդ դոլարով: Ամենաշատը կորուստ կրել է գործարար Օլեգ Դերիպասկան, ում կարողությունը կրճատվել է գրեթե մեկ քառորդով կամ 1,3 միլիարդ դոլարով:










