ՀՀ նոր նախագահը հայտարարել է մոտ ժամանակներս Մոսկվա այցելելու ծրագրերի մասին

11:24 • 10.04.18

Երկուշաբթի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը հայտարարել է մոտ ժամանակներս Մոսկվա այցելելու ծրագրերի մասին, հաղորդում է ТАСС գործակալությունը:

«Բնականաբար, ես շատ հետաքրքրված կլինեմ ամենամոտ ժամանակներս Մոսկվա այցելությամբ՝ որպես Հայաստանի նախագահ: Ավանդաբար, առաջին պաշտոնական այցերը Հայաստանի ղեկավարներն իրականացնում են հենց Մոսկվա: Դեռ կոնկրետ ամսաթվեր չկան»,- ասել է նա ТАСС-ին տված հարցազրույցում:

«Օգտվելով առիթից՝ ես անկեղծորեն ցանկանում եմ վերջերս Ռուսաստանի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Վլադիմիր Պուտինին նոր մեծ հաջողություններ երկրի տնտեսության հետագա զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի մեծացման ուղղությամբ նրա գործունեությունում»,- ընդգծել է նա:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների բարեկամությունը և համագործակցությունն աստիճանաբար զարգացել է, ձեռք է բերել նոր որակներ և տեմպ, ինչն անհրաժեշտ է շարունակել զարգացնել և խորացնել: