Գինեսի ռեկորդների գիրքը 112-ամյա ճապոնացուն մոլորակի ամենածեր տղամարդ է ճանաչել (լուսանկար)
Ճապոնական Հոկայդո կղզու 112-ամյա բնակիչ Մասաձո Նոնական հեղինակավոր Գինեսի ռեկորդների գրքի կողմից մոլորակի ամենատարեց արական սեռի բնակիչ է ճանաչվել:
Ինչպես նշվում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջում, ճապոնացու ստույգ տարիքը 112 տարեկան և 259 օր է:
Հայտնի է, որ ավելի վաղ մոլորակի ամենատարեց տղամարդն էր համարվում իսպանացի Ֆրանցիսկոս Օլիվերան, որը 113 տարեկան էր և մահացել է փետրվարին:
Հետաքրքրական է, որ նոր ռեկորդակիրը, խոսելով երկարակեցության գաղտնիքների մասին, պատմել է, որ որևէ առանձնահատուկ բան չի անում, շատ է սիրում քաղցրավենիք ուտել, թերթեր կարդալ, ինչպես նաև հանքանյութերով տաք լոգանք ընդունել:
Հայտնի է, որ ներկայում մոլորակի ամենատարեց մարդն է համարվում 117-ամյա Նաբի Տաձիման, որը միևնույն ժամանակ աշխարհի ամենատարեց կինն է: Ի դեպ, նա ևս ճապոնացի է:











