Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը բարելավվում է. Սոլսբերիի հիվանդանոցի տնօրեն (տեսանյութ)

13:23 • 10.04.18

Անգլիական Սոլսբերի քաղաքի հիվանդանոցի տնօրեն Քրիստին Բլանշարդը հայտնել է, որ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը բարելավվում է, հույս կա, որ նա դուրս կգրվի հիվանդանոցից, հայտնում է Russia Today-ը:

«Յուլյայի հայրը հասել է նկատելի առաջընթացի: Չնայած նա ավելի դանդաղ է վերականգնվում, քան Յուլյան, մենք հույս ունենք, որ նա նույնպես կկարողանա դուրս գրվել հիվանդանոցից իր ժամանակին»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյա Սկրիպալը, դուրս է գրվել Սոլսբերիի հիվանդանոցից և տեղափոխվել է «անվտանգ վայր»:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել: