Արևելյան Ղուտայում ազատվել են ահաբեկիչների մոտ պահված բոլոր պատանդները

18:15 • 10.04.18

Սիրիայի Արևելյան Ղուտա նահանգի Դումա քաղաքի բանտերում «Ջեյշ ալ իսլամ» խմբավորման ահաբեկիչների կողմից պատանդ պահվող բոլոր քաղաքացիները ազատ են արձակված, այս մասին հայտնել է սիրիական պետական SANA գործակալությունը:

Նշվում է, որ գերիներն ահաբեկիչների կողմից բանտարկված են մնացել 2013 թվականից ի վեր, երբ հարձակում էր իրականացվել Ադրա ավանի վրա:

Ազատված սիրիացիներին դիմավորել են նրանց հարազատները: Նրանց ազատման ու տեղափոխման գործողությունն իրականացվել է սիրիական բանակի վերահսկողության ներքո:

SANA-ի՝ Դումայում աշխատող թղթակիցը նաև հայտնել է, որ շարունակվում են աշխատանքները «Ջեյշ ալ իսլամ»-ի բոլոր զինյալներին քաղաքից դուրս բերելու և Ջերաբլուս տեղափոխելու ուղղությամբ: Ահաբեկիչները շարունակում են իրենց ետևից այրել ու պայթեցնել զինապահեստներ, ռազմական տեխնիկա և տարբեր փաստաթղթեր: