Հետընտրական շրջանում Ադրբեջանն ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը ԼՂ բանակցային գործընթացում. ադրբեջանագետ
Ապրիլի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանն ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը ԼՂ բանակցային գործընթացում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: «Եթե դիսկուրսը տարվեր այնպես, որ նախընտրական շրջանում գոնե նշույլներ նկատվեին խաղաղեցմանն ուղղված, ես հնարավոր կհամարեի բանակցային գործընթացում առաջընթացը, բայց ամբողջ քարոզչամեքենան աշխատում է բացարձակ հակառակ ուղղությամբ»,- նշեց նա:
- Ապրիլի 11-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու, Իլհամ Ալիևից բացի առաջադրվել է ևս 7 թեկնածու: Ընտրություններից մեկ օր առաջ ի՞նչ իրավիճակ է Ադրբեջանում, և ի՞նչ հետընտրական զարգացումներ են սպասվում:
- Այս ընթացքում տեղի են ունեցել թվով 7-8 դեբատներ, բայց Իլհամ Ալիևն անձամբ այդ բանավեճերին չի մասնակցել, այլ արտոնված անձ Ալի Մահմեդովն է մասնակցել: Այդ քննարկումները վերաբերել են տարբեր խնդիրների, բայց դրա հետ մեկտեղ շատ հետաքրքրական են ընտրությունները բոյկոտած ընդդիմադիր ուժերի գործողությունները վերջին շրջանում: Ընդդիմությունը՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը և «Մուսաֆաթ» կուսակցությունը երկու հանրահավաք են կազմակերպել նախընտրական շրջանում: Բողոքի ակցիաներից մեկը եղել է մարտի 10-ին, մյուսը՝ մարտի 31-ին, ընդ որում, վերջին հանրահավաքը բավականին հակահայկական շեշտադրումներ ուներ իր մեջ: Բացի նրանից, որ կոչեր էին արվում տապալել մենիշխանությունը, կոռուպցիայի դեմ պայքար տանել, ներկայացվում էր, որ իրենք հոգնել են հայկական ահաբեկչությունից, որը շարունակվում է ավելի քան 100 տարի, Ղարաբաղը «օկուպացված» է մոտ 25 տարի. Ադրբեջանի ժողճակատի ղեկավար Ալի Քերեմլին նման հայտարարություն արեց՝ մենք Ադրբեջանի իշխանություններից և միջազգային հանրությունից պահանջում ենք Ղարաբաղը: Նաև այսպիսի ցուցապաստառներ կաին՝ «Մենք երբեք չենք զիջի Ղարաբաղը որևէ մեկին» և նմանատիպ այլ պաստառներ: Այսինքն՝ այդ ներքաղաքական խնդիրների ֆոնին կրկին ի հայտ է գալիս և շահարկումների թեմա է դառնում Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվ ապրիլի 14-ին ընդդիմությունը ևս մեկ ցույց է նախապատրաստում: Դեռևս հայտնի չէ օրակարգը, բայց նշվում է, որ նրանք պատրաստվում են բոյկոտել ընտրությունների արդյունքները:
- Ինչպե՞ս են գնահատվում ընդդիմադիրների շանսերը, նրանք կարո՞ղ են ինչ-որ հաջողության հասնել:
- Իրականում Ադրբեջանում ընդդիմությունը շատ ճնշված է, և կարող եմ ասել, որ առկա ընդդիմադիր ուժերը որոշակիորեն վերահսկվող են: Իլհամ Ալիևին լուրջ հակառակորդ համարվող Էլգար Մամեդովը տարիներ շարունակ բանտում է, և նույնիսկ ՄԻԵԴ-ի որոշումից հետո նրան դեռևս ազատ չեն արձակել: Այսինքն՝ չկան այնպիսի ուժեր, որոնք կարող են լուրջ այլընտրանք ստեղծել Իլհամ Ալիևին, սակայն ներկայիս ընդդիմադիրների բարձրացրած հարցերը բավականին կարևոր և հետաքրքիր են: Այդ ցույցերի ժամանակ խոսվում է նրա մասին, որ սխալ քարոզչություն է տարվում, Հեյդար Ալիևի ժամանակ տարածքներ կորցրինք և այլն: Իսկ Ադրբեջանում նման դիսկուրսներ շատ հաճախ չենք հանդիպում, այն էլ արտոնված ցույցի պայմաններում:
- Ալիևի և նրա վարչակազմի հռետորաբանությունը կարծես չի տարբերվում նույն ընդդիմադիրների ասածներից: Նույն Ալիևն էլ հայտարարում է, որ Ղարաբաղը իրենցն է, անգամ Երևանի մասին է խոսում, այս դեպքում ընդդիմադիրների ասածի տարբերությունը ո՞րն է:
- Իրականում տարբերությունն այն է, թե ինչ զանգվածներ են քեզ հետևում, ում ուշադրությունն ես դու ցանկանում շահել: Այո, Ալիևն իր նախընտրական շրջանում երկու այդպիսի ելույթներ ունեցավ, բայց ընդդիմության առումով մի քիչ այլ է: Ղարաբաղը Ադրբեջանի ներքաղաքական կյանքում մշտապես շահարկվել է դեռ 90-ական թվականներից, բայց ընդդիմությունը արտոնված ցույցի ժամանակ նման հայտարարություններ շատ հաճախ չի անում: Միգուցե, մարդիկ անջատեն հեռուստացույցը, երբ Ալիևը հերթական ելույթն է ունենում, բայց երբ ներքաղաքական խնդիրների թեմայով ցույցին հնչում են Ղարաբաղի թեմայով հակահայկական քարոզչություններ, կոպիտ ասած՝ բոլոր շերտերն այդ ամենից ազդվում են:
- Ադրբեջանի հերթական նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային գալիք հոկտեմբերին, բայց Իլհամ Ալիևը որոշեց ընտրությունները վաղաժամկետ անցկացնել՝ ապրիլի 11-ին, ինչը փորձագետները և քաղաքական գործիչները կապում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մի քանի անգամ ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցություններն ավելի ակտիվորեն կշարունակվեն: Ի՞նչ սպասել այս առումով:
- Կարծում եմ՝ հետընտրական շրջանում Ադրբեջանն ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը բանակցային գործընթացում: Եթե փոքր ինչ դիսկուրսը տարվեր այնպես, որ գոնե նշույլներ նկատվեին խաղաղեցման ուղղված, ես հնարավոր կհամարեի բանակցային գործընթացում զարգացումը, բայց ամբողջ քարոզչամեքենան աշխատում է բացարձակ հակառակ ուղղությամբ: Բացի այդ, նշեմ, որ երկու զորավարժություններ են տեղի ունեցել այս ընթացքում, մեկը հենց մարտի 12-ին՝ ցույցից մի քանի օր հետո, և ապրիլի 2-ին: Բոլոր հնարավոր ձևերով իրավիճակը լարվում է, վերջին օրերին նաև Նախիջևանում և Տավուշում կրակոցներ եղան: Այսինքն, որևէ առիթ կամ հնարավորություն, որից կկարողանամ ենթադրել բանակցային գործընթացում աշխուժացում և զարգացում, ցավոք սրտի, ոչ մի հարթակում նման հույսերի հիմք չկա:
– Իսկ Հայաստանի սահմանին լարվածությունը ինչո՞վ եք պայմանավորում:
- Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել, որ իր խնդիրը զուտ Լեռնային Ղարաբաղը չէ: Ալիևը նույն իր հայտարարություններով, կոչերով սպառնում է հենց Հայաստանի Հանրապետությանը: Եթե մենք խոսում են Արցախի անվտանգության մասին, դա ընդամենը դուռ է դեպի ՀՀ անվտանգություն: Իրականում զարմանալի չէ, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով կարող է փորձել սադրիչ գործողություններ ձեռնարկել:
Մանրամասները՝ տեսանյութում:










