Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինան նույնպես պատժամիջոցներ կսահմանի ռուսաստանցիների նկատմամբ

17:03 • 10.04.18

Ուկրաինան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, պատժամիջոցներ կսահմանի ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների նկատմամբ, հաղորդում է zn.ua-ն:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ ինքն արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանն ու Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:

Պորոշենկոն նշել է, որ պատժամիջոցներն «առավելագույն կերպով սինքրոնացված կլինեն ԱՄՆ կառավարության որոշման հետ»: Պատժամիջոցները կվերաբերեն ինչպես ռուսաստանցի խոշոր գործարար Օլեգ Դերիպասկային, այնպես էլ մի շարք այլ հայտնի գործարարների:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական ֆոնդային շուկայի անկումը հանգեցրել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունների լուրջ կրճատման: Ինչպես վկայում են Forbes ամսագրի տվյալները՝ մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 50 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կրճատվել է ավելի քան 11,7 միլիարդ դոլարով: Ամենաշատը կորուստ է կրել գործարար Օլեգ Դերիպասկան, ում կարողությունը կրճատվել է գրեթե մեկ քառորդով կամ 1,3 միլիարդ դոլարով:


ԱՄՆ-ն ուրբաթ պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուսաստանաբնակ գործարարների և նրանց ենթակայությունների տակ գտնվող ընկերությունների, ինչպես նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Մասնավորապես՝ Վաշինգտոնի ցանկում ներառվել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը, այլք։