ԱՄՆ Տեխաս նահանգն առնվազն 1000 զինծառայող կուղարկի Մեքսիկայի հետ սահման

12:02 • 10.04.18

ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանություններն Ազգային գվարդիայի առնվազն 1000 զինծառայող կուղարկեն հարևան Մեքսիկայի հետ սահման, այս մասին հայտնում է KTSA ռադիոկայանը՝ վկայակոչելով Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի հայտարարությունը:

Տեխասի նահանգապետը նշել է, որ այս պահին նահանգի ու Մեքսիկայի սահմանին ծառայություն է իրականացնում 250 զինծառայող:

Էբոթը շեշտել է, որ զինվորները զենք կկրեն:

«Ցանկացած ժամանակ, երբ նրանք կգտնվեն մի վայրում, ուր նրանց հետ կոնֆլիկտի մեջ կարող է մտնել վտանգավոր ինչ-որ մեկը, նրանք զինված կլինեն: Մեր Ազգային գվարդիան ամբողջովին ունակ կլինի ինքն իրեն պաշտպանելու»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է 2000-4000 զինծառայողից բաղկացած պահակախումբ ուղարկել Մեքսիկայի հետ սահման, որոնք այնտեղ կգտնվեն սահմանային պատի կառուցման ընթացքում: