«Ելք»-ը որպես դաշինք կա, գործում է, բայց նրա անդամներից մեկը գնացել, սեպարատ գործողություններ է անում. Գևորգ Գորգիսյանը՝ ՔՊ-ի ակցիայի մասին

19:44 • 11.04.18

Ազգային ժողովի «Ելք» դաշինքի անդամ Գևորգ Գորգիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ աբսուրդ է համարում իրեն որևէ բանում մեղադրելը՝ կապված դաշինքին վնասող, պառակտող, ճեղքեր ավելացնող գործողությունների հետ:

-Պարո՛ն Գորգիսյան, երբ «Ելք»-ի Ձեր գործընկեր Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ԱԺ ամբիոնի մոտ վառեցին  «Ազատության ջահը», Դուք թաշկինակով փակեցիք Ձեր քիթը: Դատելով արձագանքներից՝ ընդդիմության շատ ներկայացուցիչների դուր չի եկել ձեր վարքը:

-Ցավում եմ, եթե մեր լրատվության թիվ մեկ թեման պետք է լինի իմ թաշկինակը կամ քիթը, ուրեմն, ցավում եմ այդ լրատվության համար:

-Ամեն դեպքում, Ձեր պահվածքը քաղաքական առումով ճի՞շտ եք համարում: Այսինքն՝ Դուք փողոցային պայքարի մեջ թրծված մարդ եք, և հանկարծ այսպիսի նրբակիրթ վիճակ:

-Դա իմ աշխատանքային միջավայրն է, եթե ես այնտեղ նստած եմ, ուրեմն, այո՛, ազատ եմ նաև թաշկինակը դնել քթիս, չգիտեմ… գլուխս քորել, ինչ-որ գրառումներ անել: Իմ  աշխատանքային միջավայրն է, ես այնտեղ աշխատում եմ, ինչի համար հարկատուներից գումար եմ ստանում:

-Հենց դուք ընդմիջում խնդրեցիք…

-Այո՛, իհարկե: Որ օդը մաքրվի, որ կարողանանք նորմալ աշխատել: Ակցիան եղավ, ավարտվեց, բայց աշխատել պե՞տք է, թե ոչ:

- Ձեզ նյարդայնացնում է լրագրողների հարցն այն մասին, որ «Ելք»-ը «ճաքեր է տալիս»: Չե՞ք կարծում, որ Ձեր քայլերը խորացնում են այդ ճաքերը:

-Իմ պահվածքը՝ ոչ, բնականաբար: Եվ նաև ֆիքսենք՝ «Ելք»-ը որպես դաշինք կա, գործում է, բայց նրա անդամներից մեկը գնացել առանձին, սեպարատ գործողություններ է անում: Այնպես որ, այստեղ ինձ որևէ կերպ մեղադրելը, որ ես ինչ-որ բան արեցի, որը դաշինքին վնասում է կամ պառակտում, կամ ճեղք ավելացնում, բացարձակապես աբսուրդ է:

Մարդիկ իրենց գործողությունն են անում այնպես, ինչպես ճիշտ են գտնում: Բայց ամեն դեպքում, ես այդ ամենի գնահատականը կտամ ամսի 18-ից հետո:

-Իսկ հնարավո՞ր է, որ ապրիլի 18-ից հետո ՔՊ-ի Ձեր գործընկերների հետ Ձեր ճանապարհները բաժանվեն:

-Ամսի 18-ից հետո այս ամենի մասին կխոսենք: